Հայտնի են ուսման վարձի փոխհատուցման արդյունքները. զեղչից կօգտվի 622 ուսանող

03.12.2021
Դիտումների քանակ՝ 3972

2021-2022 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի վճարովի ուսուցման համակարգի ուսանողների ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման վերաբերյալ ռեկտորատն այսօր որոշում է ընդունել, որի մասին հայտնում են ՀՊՏՀ ուսումնական բաժնից։

Այսպիսով, 2020-2021 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի առաջադիմության հիման վրա ուսանողական նպաստների ձևով մասնակի փոխհատուցման (զեղչի) իրավունք է տրվել համալսարանի բակալավրիատի և մագիստրատուրայի առկա և հեռակա համակարգերի բարձր առաջադիմություն ունեցող 622 ուսանողի` այդ թվում բուհի միջոցների հաշվին 100% փոխհատուցում ստացող 24 ուսանողի:

Այս ուսումնական տարվա 1-ին կիսամյակում զեղչվել է 598 ուսանողի ուսման վարձ, այդ թվում՝ 65 ուսանող ուսման վարձի մասնակի փոխհատուցման իրավունք է ստացել եկամտային հարկի պահումով:

Զեղչվել է 8,5 և ավելի ՄՈԳ ունեցող 456 բակալավրի և 17,0 (85,0) և ավելի ՄՈԳ ունեցող 77 մագիստրոսի ուսման վարձ, ինչպես նաև՝ 8,0-8,49 ՄՈԳ ունեցող 32 բակալավրի և 8,0-16,99 (55,0-84,99) ՄՈԳ ունեցող 33 մագիստրոսի ուսման վարձ` եկամտային հարկի պահումով։

Սիրելի´ ուսանողներ, ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստացողների անվանացանկին կարող եք ծանոթանալ ֆակուլտետների դեկանատներում: