«Հոսպիտալ մենեջմենթ» հերթական դասընթացի մեկնարկը տրված է

03.12.2021
Դիտումների քանակ՝ 1136

Դեկտեմբերի 3-ին մեկնարկեց ՀՊՏՀ-ի և Ազգային բժշկական պալատի համատեղ ջանքերով իրականացվող «Հոսպիտալ մենեջմենթի» հերթական՝ վեցերորդ դասընթացը։

Այս դասընթացին ևս մասնակցում են ՀՀ առողջապահության ոլորտում աշխատող բժշկական կազմակերպությունների և դրանց ստորաբաժանումների ղեկավարներ, բժիշկներ, ավագ բուժաշխատողներ և բժշկական կազմակերպությունների՝ ոչ բժիշկ ղեկավար անձնակազմ։

Դասընթացին դիմած թեկնածուներից ընդունվել են 18-ը։ Ողջունելով վերջիններին՝ Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանը նշեց, որ ծրագիրն արդեն երկու տարվա պատմություն ունի, այդ ընթացքում շուրջ 200 շրջանավարտ է թողարկել, և շատերը մեծ հաջողությունների են հասել իրենց ոլորտներում։

«Առողջապահության նախարարությունը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում մեր շրջանավարտներին։ Թե´ կորոնավիրուսային համաճարակի, թե´ պատերազմական դրության ժամանակ հենց մեր շրջանավարտներին է վստահվել կազմակերպչական աշխատանքների մեծ ծավալը։ Այս առումով, անուրանալի է նրանց կատարած հսկայական աշխատանքը՝ պետությանն ու առողջապահական համակարգին աջակցելու գործում»,- ասաց Նարեկ Վանեսյանը՝ հավելելով, որ «Հոսպիտալ մենեջմենթի» սաներից շատերը նաև բարձրագույն պաշտոններ են զբաղեցնում։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Տնտեսագիտական համալսարանին, որը ոչ բժշկական բուհ լինելով, որպես մենեջմենթի հիմնական դարբնոց, իր ծանրակշիռ մասնակցությունն ունի այս ծրագրում և մեր վստահելի գործընկերն է արդեն երկու տարի»,- հավելեց Ազգային բժշկական պալատի նախագահը։

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը նշեց, որ համագործակցությունը Ազգային բժշկական պալատի հետ իսկապես արդյունավետ է, և կարճ ժամանակում հաջողվել է ամրապնդել դիրքերը բժշկական ոլորտի կարճաժամկետ դասընթացների շուկայում։ «Հուսամ՝ առաջիկա երկու ամիսների ընթացքում Տնտեսագիտական բուհը ձեզ համար հարազատ վայր կդառնա։ Մեր թիմը անհատական մոտեցում և վերաբերմունք է ցույց տալու ձեզնից յուրաքանչյուրին, շարունակական կլինի նաև օգնությունը դասընթացի ավարտից հետո։ Մաղթում եմ բարի երթ և վստահ եմ՝ այն գիտելիքները, որ հմուտ դասընթացավարները կփոխանցեն ձեզ, դուք կկարողանաք կիրառել հետագա մասնագիտական զարգացումն ապահովելու համար»,- ասաց Լուսինե Դանիելյանը։

Երկամսյա ուսումնառության ընթացքում մասնակիցները կսովորեն՝ ինչպես կառավարել բժշկական կազմակերպության տարբեր գործընթացներ, ձեռք բերած գիտելիքներն էլ հնարավորություն կունենան կիրառելու խմբային և անհատական աշխատանքներում։

Արդեն դասընթացի ավարտին մասնակիցները կկարողանան ինքնուրույն մշակել բժշկական կազմակերպության զարգացման ռազմավարությունը, կառավարել ֆինանսները, մարդկային ռեսուրսները, ներհիվանդանոցային վարակները, մշակել մրցունակ մարքեթինգային ռազմավարություն և վարել պացիենտակենտրոն քաղաքականություն։

Ինչպես միշտ, դասընթացը կազմակերպվում է Տնտեսագիտական մայր բուհում։ Այն կվարեն ՀՀ առողջապահության ոլորտի առաջատար մասնագետներ։

Հավելենք, որ «Հոսպիտալ մենեջմենթ» դասընթացը կրեդիտավորված է ՀՀ առողջապահության նախարարի հրամանով։ Ավարտողներին շնորհվում է 54 տեսական և 9 գործնական ՇՄԶ կրեդիտ։