Հրայր Դարբինյան –80. հայրենանվեր պատմաբանի հիշատակին

Դիտումների քանակ՝ 3196

Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հրայր Խորենի Դարբինյանը դեկտեմբերի 25-ին կդառնար 80 տարեկան: 15 տարուց ավելի նա ղեկավարել է ՀՊՏՀ պատմության և քաղաքագիտության ամբիոնը: Իր մարդկային յուրատեսակ խառնվածքով, անսահման եռանդով, հայրենասերի ու ազնիվ քաղաքացու կեցվածքով, բեղմնավոր գրչով նա անջնջելի հետք է թողել հայ պատմագիտության և, իհարկե, մեր համալսարանի պատմության մեջ:
1975 թվականից դասավանդելով մեր նորաստեղծ բուհում՝ նա վաստակել է իր գործընկերների և ուսանող երիտասարդության սերն ու հարգանքը: Կենսուրախ, եռանդուն գիտնականի յուրաքանչյուր մուտքը լսարան տոն է դարձել ուսանողության համար, որպես խորագետ պատմաբան ու մեծ հայրենասեր՝ ուղեկցել է նրանց պատմության քառուղիներում, բացահայտել անցյալի կարևորագույն փաստերն ու իրադարձությունները, հայրենասիրության ու բարոյականության դասեր տվել:

Նրա գիտական հարուստ ժառանգությունը՝ մենագրություններն ու հոդվածները վերաբերում են հայ ժողովրդի և համաշխարհային պատմության զանազան հիմնախնդիրներին, որոնցում նորովի են մեկնաբանվում վիճահարույց հարցերը: Նա անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, մերկացրել թուրքական պատմաբանների կողմից փաստերի նենգափոխման ու կեղծարարության փորձերը, նաև արժեքավոր հետազոտություններ նվիրել իր ծննդավայրի՝ Տավուշի պատմությանը:
Հրայր Դարբինյանը կրողն էր մարդկային արժեքավոր հատկանիշների. բարությունը, մարդասիրությունը, շրջապատի հանդեպ անսահման հոգածությունը մշտապես անբաժան էին նրանից:
Տասնհինգ տարի է՝ Հրայր Դարբինյանը մեզ հետ չէ, սակայն գործընկերների ու սաների սրտերում չի մարել նրա հիշատակը, այն վառ է, քանզի ապրում է յուրաքանչյուրի մեջ նրա պայծառ անհատականության կենսատու մի շող, ապրեցնող մի լավատեսություն, որը «գործի անմահության» վերահաստատումն է:

ՀՊՏՀ ռեկտորատ