Դեկանների հաշվետվություններ, ամբիոնի վարիչի մրցույթ, ուսումնական և գիտական հարցերի քննարկում. կայացավ ՀՊՏՀ գիտխորհրդի հերթական նիստը
Այսօր կայացավ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտական խորհրդի 2021-2022 ուսումնական տարվա վերջին նիստը՝ հագեցած օրակարգով։ Հաշվետվություններով հանդես եկան համալսարանի հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Սոս Խաչիկյանը: Դեկանները ներկայացրին ֆակուլտետներում կատարված աշխատանքները, ուսանողների ուսումնառության ու առաջադիմության, պրոֆեսորադասախոսական կազմի հրապարակումների մասին ցուցանիշները, գիտահետազոտական ծրագրերը և այլ հարցեր, ինչպես նաև անդրադարձան առկա խնդիրներին, որոնց շարքում՝ ակադեմիական կազմի երիտասարդացման գործընթացի դանդաղեցմանը, ազդեցության գործակից ունեցող միջազգային ամսագրերում հրապարակումների սակավությանը, հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեպքում նաև՝ լսարանային ֆոնդի պակասին։ Դեկանների հաշվետվությունները գիտխորհուրդը գնահատեց բավարար և հաստատեց, իսկ ռեկտոր Դիանա Գալոյանն ընդգծեց, որ ՀՊՏՀ այս տարվա ընդունելության փայլուն պատկերի արդյունքում լսարանների պակաս, թերևս, կզգան բոլոր ֆակուլտետները։
Այնուհետև գիտական խորհրդին կից մրցութային հանձնաժողովի նախագահ, փ.գ.դ., պրոֆեսոր, ՀՊՏՀ ամբիոնի պատվավոր վարիչ Արամ Սարգսյանը զեկուցեց ՀՊՏՀ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցելու մասին հարցը, որից հետո ամբիոնի 5-ամյա զարգացման ծրագիրը ներկայացրեց պաշտոնի համար առաջադրված թեկնածուն՝ ամբիոնի դոցենտ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու Հայկ Քամալյանը։ Նշելով, որ 2014 թվականից աշխատում է ՀՊՏՀ-ում և հարազատացել է բուհին՝ Հայկ Քամալյանը շեշտադրեց ամբիոնի զարգացման իր պատկերացումները՝ կարևորելով առարկայական ծրագրերի արդիականացումը, երիտասարդ մասնագետների ներգրավումը, որակավորման բարձրացման և վերապատրաստման դասընթացների իրականացումը, դպրոցների աշակետների համար բաց դասախոսությունների անցկացումը և այլն։ Գիտխորհուրդը փակ գաղտնի քվեարկությամբ բարձրագույն մաթեմատիկայի ամբիոնի վարիչի պաշտոնում ընտրեց առաջադրված թեկնածուին՝ Հայկ Քամալյանին, իսկ բուհի ռեկտորը, շնորհավորելով նորընտիր վարիչին, ասաց, որ շատ է կարևորում ամբիոնում աշխատանքի արդյունավետ կազմակերպումը, լավագույն կադրերի ներգրավումը, մաթեմատիկան տնտեսագիտությանն ինտեգրելուն միտված ջանքերը։
Այնուհետև գիտական խորհուրդը բաց քվեարկությամբ «ՀՊՏՀ ամբիոնի պատվավոր վարիչի» կոչում շնորհեց տ.գ.դ., պրոֆեսոր Աշոտ Թավադյանին, հաստատեց համալսարանում հայեցողական պաշտոնների (դեկանի տեղակալ) և ուսումնաօժանդակ կազմի (ֆակուլտետի դեկանատի գործավար, ամբիոնի լաբորանտ) հաստիքների քանակի նորմատիվները, սահմանեց առկա ուսուցման բակալավրիատում յուրաքանչյուր կիսամյակում քննությունների առավելագույն քանակը՝ ուժը կորցրած ճանաչելով բուհի 2018 թ. մարտի 28-ի «Ուսումնական պլանի նորմատիվներում և գիտելիքների գնահատման բազմագործոնային համակարգի գործոնների կշիռներում փոփոխություններ կատարելու մասին» որոշումը, հաստատեց 2022-2023 ուստարում բուհի մագիստրոսական ծրագրերով ակադեմիական խմբերի ձևավորման ժամանակավոր նորմատիվներն ու ակադեմիական կազմի ներգրավման սկզբունքները, քննարկեց և հաստատեց մի քանի ուսանողի վերաբերող ուսումնական հարցեր։
ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը ներկայացրեց 2021-2022 ուսումնական տարվա առկա ուսուցման բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի ուսանողների ամփոփիչ ատեստավորման և ղեկավարներից բավարարվածության հարցման արդյունքները։ Հաշվետվությունը գիտխորհուրդն ընդունեց ի գիտություն։
Նիստում սահմանվեցին նաև համալսարանում գործող մարզական խմբակների և հատուկ բժշկական խմբերի կազմի վերանայման և մարզական խմբակների մարզիչների բեռնվածության հաշվարկման նորմատիվները, ինչպես նաև հաստատվեց բուհի հրատարակչական կարիքների համար լեզուների ամբիոնին արտաժամյա բեռնվածություն սահմանելու մասին հարցը։
ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը ներկայացրեց ՀՊՏՀ դոկտորանտների տարեկան ատեստավորման արդյունքները, որոնք հաստատվեցին։ Գիտական խորհուրդը նաև հրատարակության երաշխավորեց «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կողմից հայտարարված մրցութային թեմաների շրջանակում իրականացված 9 հետազոտություն-մենագրությունները, ինչպես նաև լեզուների ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Լուսինե Հարությունյանի, նույն ամբիոնի դոցենտներ, բանասիրական գիտությունների թեկնածուներ Սուսաննա Չալաբյանի, Արմինե Գրիգորյանի և նույն ամբիոնի ասիստենտ Քրիստինա Թորգոմյանի English for Economists – 2՝ տնտեսագետ ուսանողների համար անգլերենի ուսումնական ձեռնարկը։
Գիտական խորհրդի նիստի ավարտին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը արդյունավետ հանգիստ մաղթեց գիտական խորհրդի անդամներին՝ հույս հայտնելով, որ նոր ուսումնական տարին կոլեկտիվը կսկսի ուժերը վերականգնած, նոր և ստեղծարար գաղափարներով զինված։