«Հաշվապահությունը բիզնեսի լեզուն է». մասնագիտական քննարկում ապագա հաշվապահների և աուդիտորների հետ

Դիտումների քանակ՝ 2804

Արտալսարանային դասերի կազմակերպումը ՀՊՏՀ ուսումնական գործընթացի մի մասն է կազմում: Ոլորտի բազմափորձ մասնագետների հյուրընկալումը բուհում ավանդույթ է դարձել. նրանց բանախոսությամբ մասնագիտական քննարկումների անցկացումը ուսանողին լրացուցիչ գիտելիք ու գործնական խորհուրդներ  է տալիս, մասնակից դարձնում բանավեճի, սովորեցնում ոչ միայն ունկնդրողի, այլև խոսողի դերում լինել: ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, այս ամենը կարևորելով, անձամբ են նախաձեռնում նմանօրինակ հանդիպումներ: Հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանի հրավերով մեր համալսարանում այսօր դասախոսություն անցկացրեց «ԲԻ ԴԻ Օ Արմենիա» ՓԲԸ աուդիտի բաժնի ղեկավար, Երդվյալ որակավորված հաշվապահների ասոցիացիայի (ACCA) լիիրավ անդամ Գնել Խաչատրյանը: Մասնակցում էին հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, դեկան, տ.գ.թ., դոցենտ Մերի Բադալյանը, կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ, տ.գ.դ., պրոֆեսոր Լիանա Գրիգորյանը:

Ողջույնի խոսքում աուդիտորը ընդգծեց, որ հանդիպումը անցկացվելու է ոչ թե զուտ դասախոսության ձևաչափով, այլ մասնագիտական  զրույց-քննարկման. «Դուք հրաշալի դասախոսներ ունեք և դասախոսություններ կարող եք իրենցից էլ լսել, իսկ ես այստեղ եմ, որպեսզի իմ փորձից ձեզ կարևոր բաներ ասեմ»:

ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Վրաստանում, Մոլդովայում, միջինասիական երկրներում աշխատած Գնել Խաչատրյանը ուսանողների համար մեկնաբանեց հաշվապահական հաշվառման և աուդիտի գործընթացների կազմակերպման առանցքային հարցեր, ժամանակակից հաշվապահական ծրագրերի, Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներով (ՖՀՄՍ) աշխատելու  առանձնահատկությունները, Հայաստանում առաջատար երկրների փորձի կիրառման նպատակահարմարությունը:

Քննարկման ընթացքում ՀՊՏՀ-ականները դրսևորեցին իրենց գիտելիքները, հարցուպատասխանի միջոցով հարստացրին դրանք:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին