Եվս 16 հոսպիտալ մենեջերներ ստացան մասնագիտական վերապատրաստման վկայականներ

05.11.2021
Դիտումների քանակ՝ 1018

Նոյեմբերի 5-ին ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ Տնտեսագիտական մայր բուհի և Ազգային բժշկական պալատի համատեղ կազմակերպած «Հոսպիտալ մենեջմենթ» դասընթացի ամփոփումը։ Եռամսյա դասընթացը հաջողությամբ ավարտած 16 մասնակիցներին շնորհվեցին ավարտական վկայականներ, ինչպես նաև՝ շարունակական մասնագիտական զարգացման 54 տեսական և 9 գործնական կրեդիտ։ Մայիսին մեկնարկած և հուլիսին ավարտված կարճաժամկետ դասընթացը վարել են ՀՀ առողջապահության ոլորտի բարձրակարգ մասնագետներ։

Ինչպես տեղեկացրին ՀՊՏՀ շարունակական կրթության բաժնից, դասընթացը նախատեսված էր առողջապահության կազմակերպիչների և կառավարիչների համար։ Հերթական կարճաժամկետ վերապատրաստման դասընթացի մասնակիցները հիմնականում բժիշկներ են, բժշկական կազմակերպությունների և դրանց ստորաբաժանումների ղեկավարներ, ավագ բուժաշխատողներ, բժշկական կազմակերպությունների՝ ոչ բժիշկ ղեկավար անձնակազմ։

Ուսումնառության ընթացքում մասնակիցները սովորել են՝ ինչպես կառավարել բժշկական կազմակերպության տարբեր գործընթացներ, ձեռք բերած գիտելիքներն էլ հնարավորություն են ունեցել կոնկրետ բժշկական հաստատության կամ նրա ստորաբաժանման օրինակով կիրառել խմբային և անհատական աշխատանքներում։

«Հոսպիտալ մենեջմենթի» 5-րդ դասընթացը հաջողությամբ ավարտած 16 մասնակիցները ձեռք բերած գիտելիքի հիման վրա կկարողանան ինքնուրույն մշակել բժշկական կազմակերպության կամ վերջինիս որևէ ստորաբաժանման զարգացման ռազմավարությունը, կառավարել ֆինանսները, մարդկային ռեսուրսները, ներհիվանդանոցային վարակները, մշակել մրցունակ մարքեթինգային ռազմավարություն և վարել պացիենտակենտրոն բժշկական կենտրոնի քաղաքականություն։

Դասընթացի մասնակիցներին ողջունելով՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը վստահություն հայտնեց, որ ծրագիրը կնպաստի առողջապահության ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացմանը։ Իսկ առաջադեմ գիտելիքներով և նոր հմտություններով զինված, մշտապես կատարելագործվող և փոփոխությունների պատրաստ կառավարիչների կարիք կա ցանկացած ոլորտում։

«Այսօր մենք վստահաբար կարող ենք ասել, որ Տնտեսագիտական համալսարանը առողջապահության կառավարման ոլորտում բարձր նշաձող է սահմանել՝ ամրապնդելով իր դիրքը, ինչը, իհարկե, բավականին ուրախալի փաստ է։ Համավարակի տարածման այսօրվա իրավիճակի հետ կապված՝ մենք լուրջ խնդիր ունենք առողջապահական կառավարման ոլորտում և բարձր որակավորում ունեցող մասնագետների առկայությունը ոլորտին միայն օգուտ կբերի։ Դուք այս դասընթացի արդեն հինգերորդ սերունդն եք ներկայացնում, որ առողջապահության կազմակերպիչների և կառավարիչների վկայականներ է ստանում։ Հուսամ՝ ձեր ստացած գիտելիքներն ու հմտությունները այսուհետ ևս ի սպաս կդնեք ի բարօրություն հանրային առողջության»,- նշեց ՀՊՏՀ ռեկտորը։

Շնորհակալություն հայտնելով ՀՊՏՀ ռեկտորին գործընկերության և հյուրընկալության համար՝ Ազգային բժշկական պալատի նախագահ Նարեկ Վանեսյանը շեշտեց, որ բժշկական կազմակերպությունների արդյունավետ կառավարիչների պատրաստումը առողջապահության համակարգում շարունակում է խնդիր մնալ, և ՀՊՏՀ-ի հետ համատեղ ջանքերով կյանքի կոչվող այս նախաձեռնությունը հրաշալի խթան է՝ ոլորտում բանիմաց ու առաջադեմ կադրեր ունենալու առումով։

«Շնորհակալություն եմ հայտնում Տնտեսագիտական մայր բուհին՝ իր հարկի տակ մեր մասնակիցներին ջերմ ընդունելու համար։ Հավատացած եմ, որ դասընթացի մասնակիցներն իրենց կազմակերպություններ կվերադառնան նոր հմտություններով և ունակություններով հարստացած, ինչն էլ բուժհաստատությունների կառավարումը որակապես նոր մակարդակի վրա կդնի»,- նշեց Ազգային բժշկական պալատի նախագահը։