ՀՊՏՀ-ում կազմակերպվեց մասնագիտական կողմնորոշման հերթական այցը. մեզ մոտ էին 7 ավագ դպրոցների աշակերտներ

Դիտումների քանակ՝ 2097

Դպրոցների հետ ՀՊՏՀ համագործակցության շրջանակում այսօր մեր համալսարանը հերթական ջերմ հյուրընկալությունն էր կազմակերպել։ Այս անգամ մեր պատվավոր հյուրերն էին Երևանի թիվ 2, 148, 43, 65, 62, 198 և 83 դպրոցների ավագ դասարանների աշակերտները։ Նրանց ընդունեցին և Տնտեսագիտական մայր բուհին ծանոթացրին ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, միջոցառման կազմակերպիչ ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտը և աջակից ուսանողական խորհուրդը։

Հյուրերին ողջունելով, Դիանա Գալոյանը վստահեցրեց, որ այսօր նրանք հայաստանյան լավագույն բուհերից մեկում են, ապա նշեց, որ ՀՊՏՀ-ն մեր երկրի տնտեսագիտական ոլորտի մասնագիտացված միակ բուհն է։ Նա հակիրճ ներկայացրեց համալսարանը իբրև ուսումնական, ակադեմիական, գիտական-հետազոտական, երիտասարդական կենտրոն, ապա նշեց, որ այն համալիր բարեփոխումների փուլում է։

«Հուսով եմ՝ այս մասնագիտական կողմնորոշման այցը կօգնի, որ դուք ավելի գիտակցված ընտրություն կատարեք: Բարի գալուստ, և ուրախ կլինեմ հետագայում ձեզ տեսնել որպես մեր բուհի ուսանողներ»,-եզրափակեց ռեկտորի պաշտոնակատարը։

Միջոցառման տեղեկատվական հատվածում տպավորիչ՝ հումորով համեմված ու հետաքրքրաշարժ ելույթներով հանդես եկան ՀՊՏՀ բոլոր 6 ֆակուլտետների ուսանողները՝ պանելային քննարկման ձևաչափում ներկայացնելով իրենց մասնագիտության գրավչությունները: Հաջորդիվ խաղ-մրցույթ անցկացվեց, որի հաղթող աշակերտները ստացան մրցանակներ։ Առանձին անդրադարձ կատարվեց միջազգային փոխանակային ծրագրերին, «Էրազմուս+» ծրագրով արտերկրում 1 կիսամյակ ուսանած ուսանողները պատմեցին իրենց օտարերկրյա ուսումնառության և անմոռանալի արկածների մասին։

ՈւԽ փոխնախագահ Իռեն Թալալյանը խոսեց ուսանողական կառույցի առաքելության ու գործունեության մասին:

Մեր ապագա դիմորդների այցն ամփոփվեց մի քանի րոպե դասալսմամբ ու ՀՊՏՀ-ում շրջայցով, որի ընթացքում նրանք ծանոթացան համալսարանական առօրյային, դարձան ՀՊՏՀ մի մասնիկը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին