Հերթական հաջողված այցը «Կոպեռնիկուս Բեռլին» ծրագրի շրջանակում

10.05.2022
Դիտումների քանակ՝ 1140

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի միջև համագործակցության շրջանակում ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի «Կորպորատիվ ֆինանսներ» մասնագիտության 2-րդ կուրսի մագիստրանտ Խորեն Իսպիրյանը  ապրիլի 20-28-ը Իսպանիայի Բենիդորմ քաղաքում մասնակցել է «Բլոկչեյնի հմտություններ երիտասարդության համար»/ Blockchain Skills for Youth/ խորագրով դասընթացին։

Խորենն Իսպանիայից վերադարձել է խանդավառված ու մոտիվացված։ Խոստովանում է՝ ծրագիրն իր համար առանձնահատուկ էր թե՛ թեմատիկ նեղ մասնագիտական ուղղվածության, թե՛ միջմշակութային փորձի արդյունավետ փոխանակման առումով։ Դասընթացները երիտասարդին հնարավորություն են տվել խորությամբ ծանոթանալու բլոկչեյնին ու մյուս վիրտուալ արժույթներին, ինչպես նաև ձեռք բերելու տեխնիկական և մասնագիտական հմտություններ ու կարողություններ այդ ոլորտում: «Ինձ հետ միասին դասընթացներին մասնակցում էին խելացի ու ակտիվ երիտասարդներ Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Սլովակիայից, Ռումինիայից և մի շարք այլ երկրներից, և ինձ համար մեծ հաճույք էր շփվել, սովորել ու փորձ փոխանակել նրանց հետ»,- ասում է Խորենը: Ծրագիրը, նրա փոխանցմամբ, հագեցած էր նաև ժամանցային ու ճանաչողական բազմաթիվ միջոցառումներով, միջմշակութային երեկոներով և արտալսարանային հետաքրքիր հանձնարարություններով, որոնց ընթացքում մասնակիցներին հնարավորություն է տրվել ավելի լավ ծանոթանալու տարբեր ազգերին ու մշակույթներին, ընկերանալ միմյանց հետ:

«Ծրագրի արդյունքում ինձ հաջողվեց ձեռք բերել լավ ընկերներ ու մեծացնել միջազգային նեթվորքիս շրջանակները: Դասընթացավարների հմուտ և պրոֆեսիոնալ մոտեցումների շնորհիվ այժմ առավել տեղեկացված եմ ապագայի վիրտուալ արժույթներից»,- ասում է Խորենը՝ հավելելով, որ ստացած գիտելիքը պատրաստ է փոխանցել համալասարանական ընկերներին և ոչ միայն՝ այսպիսով իրականացնելով նաև ծրագրի հիմնական առաքելությունը, այն է՝ տարածել գիտելիք բլոկչեյնի ու ֆինանսական ոլորտում դրա կարևորության մասին: