ՀՊՏՀ-ում էր DAAD Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Գեբհարդ Ռոյլը

10.05.2022
Դիտումների քանակ՝ 1246

ՀՊՏՀ-DAAD ընդլայնվող համագործակցության շրջանակում մայիսի 10-ին Տնտեսագիտական համալսարանում հյուրընկալվեցին Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Գեբհարդ Ռոյլը և կրթաթոշակների և ուսումնական ծրագրերի համակարգող Արևիկ Հարությունյանը։

ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի և համալսարանի միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանի հետ հանդիպմանը հյուրերը նշեցին, որ կրթաթոշակներ տրամադրելուց զատ DAAD-ն նպաստում է համալսարանների միջազգայնացման գործընթացին, ամրապնդում գերմանագիտության ու գերմաներենի հիմքերն արտասահմանում։ Անդրադառնալով ՀՊՏՀ-ի հետ համագործակցությանը՝ նրանք գոհունակությամբ ընդգծեցին, որ DAAD-ի և ՀՊՏՀ-ի միջև փոխգործակցությունը կայուն հիմքերի վրա է՝ ընդլայնման մեծ հնարավորություններով։

Ողջունելով հյուրերին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն իր խոսքում շեշտեց, որ Տնտեսագիտական համալսարանը կարևորում է միջազգայնացման այն գործընթացները, որոնք հնարավորություն են տալիս էապես բարելավել բարձրագույն կրթության որակը։

DAAD-ի ներկայացուցիչների հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց մոտ ապագայում կազմակերպելու առցանց հանդիպում, որտեղ ՀՊՏՀ դասախոսներին ու հետազոտողներին կներկայացվեն ծրագրի ընձեռած հնարավորությունները։

Արդեն ՀՊՏՀ ուսանողների և դասախոսների հետ տեղեկատվական հանդիպման ընթացքում հյուրերը ներկայացրին DAAD-ի կողմից առաջարկվող կրթաթոշակային գործող ծրագրերը և գերմանական բուհերում ուսումնառության հնարավորությունները։

ՀՊՏՀ ֆոնդահայթայթման բաժնի աշխատակիցների հետ հանդիպմանը Գեբհարդ Ռոյլն ու Արևիկ Հարությունյանը ներկայացրեցին տարբեր դրամաշնորհային ծրագրերին դիմելու հնարավորություններն ու մանրամասները։

Նշենք, որ DAAD-ն հիմնադրվել է 1925 թվականին Հայդելբերգում։ Նպատակը երիտասարդներին Գերմանիայում և այլ երկրներում ուսումնական և հետազոտական փորձի հնարավորություն ընձեռելն է: DAAD-ն այսօր ուսանողների և գիտնականնների միջազգային փոխանակումը ֆինանսավորող աշխարհի առաջատար կազմակերպություններից է։