Ապագային ուղղված ներդրում. «Էփրիքոթ կապիտալի» հովանավորությամբ ՀՊՏՀ-ում բացվեց լսարան

19.02.2024
Դիտումների քանակ՝ 590

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) այսօր տեղի ունեցավ հայկական ներդրումային «Էփրիքոթ կապիտալ» ընկերության հովանավորությամբ վերանորոգված լսարանի բացման արարողությունը։ Վերանորոգումն իրականացվել է 2023 թվականի հոկտեմբերին ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա և առարկայացնում է կողմերի հանձնառությունը՝ կրթելու Հայաստանում ֆինանսական ոլորտի մասնագետների ապագա սերունդներ։

ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետում գտնվող լսարանն աչքի է ընկնում արդիական դիզայնով, հագեցած է նորագույն խելացի գրատախտակով, ժամանակակից կահույքով, ինչն ուսանողների համար կստեղծի հաճելի և խթանող ուսումնական միջավայր: Լսարանը կհյուրընկալի նաև կապիտալի շուկաների և ներդրումների թեմաներով «Էփրիքոթ կապիտալի» առաջատար փորձագետների կողմից աշխատարանների շարք, որոնք ուսանողներին հնարավորություն կտան ոլորտի առաջատարներից ստանալու գործնական գիտելիք և փորձ:

Անդրադառնալով ՀՊՏՀ-ի հետ համագործակցությանը՝ «Էփրիքոթ կապիտալի» հիմնադիր Վարդան Ամարյանն ընդգծեց մասնավոր հատվածի և կրթական հաստատությունների միջև համագործակցության կարևորությունը՝ առանձնացնելով ընկերության պրակտիկայի ծրագրերի, նախագծերի հովանավորության և փորձագետների կողմից դասախոսությունների միջոցով ակտիվ համագործակցությունը Հայաստանի առաջատար կրթական հաստատությունների հետ: «Մեզ համար կրթության մեջ ներդրում կատարելը ներդրում է՝ ուղղված ապագային», - ասաց Վարդան Ամարյանը:

«Այս լսարանը առցանց Էփրիքոթ Ակադեմիայի նյութերի և մեր փորձագետների դասախոսությունների հետ միասին ուսանողների համար կստեղծի ֆինանսների աշխարհն ուսումնասիրելու համար դինամիկ ուսումնական միջավայր և թույլ կտա կառուցել հաջող կարիերա»,- ասաց «Էփրիքոթ կապիտալի» գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանը՝ ուրախությամբ հավելելով, որ ընկերության աշխատակիցների 61 տոկոսը ՀՊՏՀ շրջանավարտներ են։ Վաչիկ Գևորգյանը նաև կարճ շնորհանդեսով ներկայացրեց ընկերության գործունեությունն ու ծրագրերը։

Ողջունելով նախաձեռնությունը՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը նշեց, որ Տնտեսագիտական համալսարանն ակտիվ գործընկերային հարաբերություններ է կառուցում Հայաստանի ինչպես պետական, այնպես էլ մասնավոր հատվածի հետ, որի նպատակը ուսանողների գործնական հմտությունների զարգացմանն ու նրանց աշխատանքային առաջընթացին աջակցելն է։

«Այս համատեքստում բարձր ենք գնահատում «Էփրիքոթ կապիտալի» հետ մեր համագործակցությունը, որի շոշափելի արդյունքն այսօր ուրախացնում է բոլորիս։ Վստահ եմ, որ մեր գործընկերոջ կողմից վերանորոգված այս նոր ու արդիական լսարանը կամրապնդի ընկերության ներկայությունը մեր բուհում՝ միաժամանակ ուսանողների համար ստեղծելով ուսումնառության ավելի լավ պայմաններ, ինչը համահունչ է ենթակառուցվածքների բարելավման մեր ռազմավարական նպատակին»,- ասաց Դիանա Գալոյանը։ Բուհի ղեկավարն արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն հայտնեց «Էփրիքոթ կապիտալի» հիմնադիր Վարդան Ամարյանին և գործադիր տնօրեն Վաչիկ Գևորգյանին։ Ընդգծվեց նաև նոր լսարանի ստեղծման աշխատանքներում ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանի՝ կազմակերպչական հարցերում ցուցաբերած գործուն աջակցությունը։

Ֆակուլտետի դեկանը ևս շնորհակալություն հայտնեց փոխշահավետ համագործակցության համար՝ հույս հայտնելով, որ այն ավելի կընդլայնվի և կներառի նոր ծրագրեր՝ ի շահ մեր բուհի ուսանողների որակյալ կրթության։

«Մեր աչքի առջև ամեն օր մեր համալսարանն առաջընթաց է ապրում, բարելավվում է կրթական միջավայրը, բազմաթիվ ծրագրեր են իրականացվում։ Ուսանողներիս համար շատ հաճելի է, որ ուսումնական գործընթացն այսուհետ կկազմակերպվի այսպիսի նորաոճ լսարանում, դա շատ մոտիվացնող է»,- ասաց ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի հեռակա 5-րդ կուրսի ուսանող Ժաննա Իխտարյանը։

Միջոցառման նկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։