Շնորհավո՛ր Ապրիլի 7՝ Մայրության և գեղեցկության տոն

07.04.2023
Դիտումների քանակ՝ 2771

Գարնանային այս օրերին կանանց նվիրված մեր հրապարակումները բազմաբնույթ են, դրանք ակնարկ-դիմանկարներ են, ռեպորտաժներ, լուսանկարային շարքեր․ կին գիտնական-մանկավարժներն ու կին-վարչարարները ներկայանում են ուրույն նկարագրով`մարդկային ու մասնագիտական գեղեցիկ հատկանիշներով։ Ամեն նոր հերոսուհու, ամեն բացահայտման հետ ընթերցողը գնահատում է կանացի մի նոր կերպար՝ օժտված գիտնական-հետազոտողի, մանկավարժ-դասախոսի, վարչարար-ղեկավարի որակներով։

Մեր համալսարանում աշխատող կանայք տարբեր մասնագիտություններ ունեն (իհարկե, գերակշռում են տնտեսագետները), անգամ՝ մի քանի մասնագիտություն, հավելյալ բազում հետաքրքրություններ, նրանք գեղեցիկ են, ժամանակակից ․․․

Շատ-շատերը նաև մի կարևոր «մասնագիտություն» ունեն՝ նրանք Մայրիկներ են։

Ապրիլյոթյան տոնի առիթով ցանկանում ենք շեշտադրել կանացի այս առանձնաշնորհը և արձանագրել, որ ամբիոններում, դեկանատներում, վարչական ստորաբաժանումներում նրանք ամեն օր բարեխղճորեն կատարում են իրենց աշխատանքային պարտականությունները, ապա, թոթափելով օրվա հոգնածությունը, շտապում տուն՝ սնելու, կրթելու, դաստիարակելու և հոգածությամբ շրջապատելու իրենց զավակներին։ Հպարտությամբ ենք արձանագրում, որ մեր շարքերում նաև բազմազավակ մայրիկներ կան, և, ինչպես պարզեցինք, նրանց թիվը երկու տասնյակից ավելի է։

Սիրելի՛ մայրիկներ, կանայք, աղջիկներ, շնորհավո՛ր ձեր Ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության տոնը։ Թո՛ղ խաղաղ երկրում միշտ բացվեն գարունները, և երբե՛ք չտխրեն մայրերը։