«Հայկական ծրագրեր»-ում բաց դռների օր էր ՀՊՏՀ ուսանողների համար

08.12.2023
Դիտումների քանակ՝ 761

Դեկտեմբերի 7-ին «Հայկական ծրագրեր» ընկերությունը բաց դռների օրվա շրջանակում հյուրընկալել էր ՀՊՏՀ շուրջ 100 ուսանողների։ Միջոցառման ընթացքում ընկերության ավագ մասնագետ, ՀՊՏՀ ֆինանսական հաշվառման ամբիոնի դասախոս, տ․գ․թ․ Անուշ Միքայելյանը ուսանողներին ներկայացրեց ընկերության զարգացման 36-ամյա պատմությունը, ծանոթացրեց ՀԾ համակարգերին՝ ստեղծումից մինչև վաճառք և հետագա սպասարկում։

«Հայկական ծրագրերի» անձնակազմում 230-ից ավելի աշխատակիցներ են, որոնց շարքում Հայաստանի տարբեր համալսարաններում, այդ թվում՝ մեր համալսարանում դասավանդող գիտությունների թեկնածուներ, դասախոսներ։ Ընկերությունը կարևորում է անընդհատ որակավորման բարձրացումը, աշխատակիցները պարբերաբար հանձնում են քննություններ, մասնակցում են վերապատրաստումների և դասընթացների։

«Մեր աշխատակիցները հիմնականում ծրագրավորողներ և տնտեսագետներ են, իսկ տնտեսագետների 90%-ից ավելին՝ ՀՊՏՀ ուսանողներ և շրջանավարտներ»,- ընդգծեց Անուշ Միքայելյանը։ Նրա խոսքով՝ ընկերությունը ՏՏ ոլորտում հավաստագրված մասնագետների թվով առաջինն է Հայաստանում, ինչն արտացոլվում է ընկերության կարգախոսում․ «Հզոր կազմակերպության նախապայմանը հզոր աշխատակիցներն են»։

ՀՊՏՀ–ՀԾ համագործակցության շնորհիվ ՀՊՏՀ ուսանողների համար իրականացվում է ՀԾ-ձեռնարկություն համակարգի ուսուցում՝ հիմնված գործնական գիտելիքի փոխանցման վրա։

Վերջին 2 տարվա ՀԾ օրերին մասնակցել է 200-ից ավելի ուսանող, 100-ից ավելի ուսանող հրավիրվել է հարցազրույցի, 80-ից ավելի ուսանող ստացել է 2-ամսյա անվճար դասընթացի մասնակցության հնարավորություն, 20-ից ավելի ուսանող՝ աշխատանքի առաջարկ։

«Հայկական ծրագրեր» ընկերության ավագ մասնագետ, ՀՊՏՀ ֆինանսների ամբիոնի դասախոս, տ․գ․թ․ Օգսեն Փափազյանը հարց ու պատասխանի ընթացքում ներկայացրեց ընկերությունում աշխատելու առավելությունները, առաջարկները։

Միջոցառման ավարտին կազմակերպվեց խաղ-մրցույթ, իսկ հաղթողներն ստացան արժեքավոր նվերներ։

Միջոցառման լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում