Միջազգային գիտաժողով ՀՊՏՀ-ում․ արծարծվեցին բնապահպանության և սոցիալական կառավարման հիմնախնդիրներ

12.12.2023
Դիտումների քանակ՝ 1146

Դեկտեմբերի 12-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ ՀՊՏՀ-ի, ՌԴ Կայուն զարգացման և տեխնոլոգիական առաջնորդության կոնսորցիումի ու Գիտական հաղորդակցությունների ինստիտուտի (INC) կողմից համատեղ կազմակերպված ﬕջազգային գիտաժողովը՝ «ESG օրակարգը աշխարհաքաղաքական և տնտեսական փոփոխությունների համատեքստում» խորագրով։ Մասնակցում էին ոչ միայն վերոնշյալ կազմակերպությունների, այլև ՌԴ և ՀՀ գիտությունների ակադեմիայի, համալսարանների, գիտահետազոտական ինստիտուտների գիտնականներ, հասարակական կազմակերպությունների, բանկերի ներկայացուցիչներ։

Բացման խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը՝ նշելով. «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել միջազգային նմանօրինակ գիտաժողով, որը ևս մեկ անգամ հնարավորություն է տալիս ընդգծելու Տնտեսագիտական համալսարանի պատրաստակամությունը՝ իր ներդրումն ունենալու տնտեսական հետազոտությունների և տնտեսագիտական կրթության մեջ»։ Ռեկտորն անդրադարձավ ներկայումս ՀՊՏՀ գիտահետազոտական գործունեությանը, միջազգային ծրագրերին և այդ ուղղություններով ակնառու հաջողություններին՝ հույս հայտնելով, որ այս գիտաժողովն էլ իր նպաստը կբերի տնտեսագիտական մտքի զարգացմանը։

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՌԴ Գիտական հաղորդակցությունների ինստիտուտի նախագահ Ելենա Պոպկովան։ Նրա համոզմամբ՝ գիտաժողովի օրակարգում ներառված զեկուցումները կօգնեն հասկանալ ու բարելավել աշխարհի բնապահպանական, սոցիալական կառավարման օրակարգային հարցերը։

Լիագումար նիստի ընթացքում «ԵԱՏՄ-ի կանաչ օրակարգը և էներգետիկ շուկաները» թեմայով զեկուցմամբ հանդես եկավ Ազա Միհրանյանը (Է.Մ. Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային գիտահետազոտական ​​ինստիտուտ), «Թվային փոխակերպումը INSTC նախագծում» թեմայով՝ Սոս Խաչիկյանը՝ (ՀՊՏՀ) և Ջոն Դուրանը (Ջորջ Մեյսոնի համալսարան), «Բուհերը ESG օրակարգում» թեմայով՝ Իննա Անդրոնովան (Ռուսաստանի ժողովրդական բարեկամության համալսարան), «ESG-ի օրակարգը՝ որպես կանաչ տնտեսության կայուն զարգացման և Ռուսաստանի ածխաթթվացման միջոց աշխարհաքաղաքական և տնտեսական փոփոխությունների համատեքստում» թեմայով՝ Ելենա Պոպկովան (Ռուսաստանի ժողովրդական բարեկամության համալսարան)։

Այնուհետև գիտաժողովում, որն ընթացավ անցանց և առցանց ձևաչափով, հնչեցին զեկուցումներ, որոնք արծարծում էին էկոհամակարգին, Հայաստանում սոցիալական ձեռներեցությանը, ստարտափներին, նվազագույն աշխատավարձին, գյուղատնտեսության ոլորտում միասնական քաղաքականությանը, ՀՀ-ում ոլորտային նվազագույն աշխատավարձի ներդրման հնարավորություններին, համայնքների խոշորացմանը, թվային բանկինգի կիրառման առանձնահատկություններին և տասնյակ այլ թեմաների նվիրված կարևոր ու հրատապ հիմնախնդիրներ, որոնց առանցքը, սակայն, բնապահպանական և սոցիալական կառավարման (ESG) հարցերն էին։

Գիտաժողովի փակման հանդիսավոր խոսքում ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն, տ․գ․դ․, պրոֆեսոր Դավիթ Հախվերդյանը բուհի անունից երախտագիտության խոսք ուղղեց կազմակերպիչներին ու զեկուցողներին՝ հույս հայտնելով, որ միջոցառումը էապես կնպաստի միջազգային կապերի ընդլայնմանը և գիտական մտքի միջազգայնացմանը։

Միջոցառման լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։