«Արփի Սոլարը»՝ ՀՊՏՀ նոր գործընկեր
ՀՊՏՀ‒«Արփի Սոլար» համագործակցությունն այսօր պաշտոնականացվեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի և «Արփի Սոլար» ընկերության տնօրեն Արմեն Չոբանյանի կողմից համագործակցության հուշագրի ստորագրմամբ։ Հանդիպմանը ներկա էին ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, կարիերայի կենտրոնի պետ Տաթև Վարդանյանը, «Արփի Սոլար» ընկերության կորպորատիվ վաճառքի բաժնի ղեկավար Նարեկ Հակոբյանը, անձնակազմի կառավարման մասնագետ Արփինե Մանուկյանը։
Հանդիպման սկզբում ռեկտորը ներկայացրեց բուհ-գործատու կապի ամրապնդմանն ուղղված ՀՊՏՀ ծրագրերը, միաժամանակ ընդգծեց, որ բուհը բարեփոխումներ է իրականացնում գրեթե բոլոր ուղղություններով՝ թե՛ կրթական, թե՛ գիտական, թե՛ աշխատաշուկայի հետ կապերի խորացման։ Դիանա Գալոյանը նշեց, որ «Արփի Սոլարի» նորարարական-տեխնոլոգիական լուծումներն արժեքավոր են և կարող են կիրառություն ստանալ տնտեսագիտական ուղղվածության ծրագրերում, ապա հավելեց՝ համագործակցությունը կարող է հաջող ընթացք ունենալ նաև համատեղ դրամաշնորհային ծրագրերում։
«Արփի Սոլար»-ի տնօրեն Արմեն Չոբանյանը հույս հայտնեց, որ համագործակցությունը կլինի արդյունավետ և փոխանցեց իրենց ընկերության աշխատակազմի վառ տպավորությունը ՀՊՏՀ գործընկերների մասին։
Ընկերության աշխատակիցներն օրերս վարպետության դաս են անցկացրել ՀՊՏՀ ուսանողների համար, դրանք շարունակական բնույթ են կրելու, ընթացքի մեջ են նաև համատեղ դրամաշնորհային ծրագրերը։