ՀՊՏՀ-ն սերտացնում է բանկային ոլորտի հետ համագործակցությունը․ հուշագիր՝ ԱԿԲԱ բանկի հետ

03.11.2022
Դիտումների քանակ՝ 1245

Տնտեսագիտական համալսարանը, որպես բանկային ոլորտի մասնագետներ պատրաստող խոշորագույն բուհ, սերտացնում է իր հարաբերությունները բանկերի հետ։ Այսօր այս մասին ասաց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը՝ ԱԿԲԱ բանկի վաճառքների խթանման և ռեգիոնալ կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանի հետ հանդիպմանը, որին մասնակցում էին նաև ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը և կարիերայի կենտրոնի պետ Տաթև Վարդանյանը։

ՀՊՏՀ ռեկտորն անդրադարձավ բանկերի հետ համալսարանի համագործակցային ձևաչափերին՝ ընդգծելով, որ նպատակը ուսանողներին գործնական գիտելիք, հմտություն փոխանցելն է, իսկ վերջնարդյունքում աշխատանք գտնելու հարցում աջակցելը։ «Մեր բուհը բանկերի հետ արդյունավետորեն է համագործակցում՝ շնորհիվ կայացած, գործուն մեխանիզմների, սակայն ճկուն ենք և բաց նոր ձևաչափերի համար»,- ընդգծեց ռեկտորը։

«Ես այս շենքում չեմ սովորել, սակայն, երբ մուտք եմ գործում՝ հարազատության զգացողություն եմ ունենում»,- ասաց Նորիկ Նազարյանը և մանրամասնելով բանկի կողմից ուսանողների համար իրականացվող ծրագրերը՝ շարունակեց․ «Երբ ուսանողը մտնում է բուհ և սկզբից ևեթ առնչվում է պրակտիկ գիտելիքի հետ, դա նրա համար ավելի հասկանալի է դարձնում մասնագիտության ընտրությունը, հետագայում էլ աշխատանքի անցնելու հեռանկարը։ Մեր ջանքերը պետք է դրան ուղղենք»։

Ավարտին Դիանա Գալոյանը և Նորիկ Նազարյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր և պայմանագիր՝ հույս հայտնելով, որ երկուստեք կիրագործվեն փաստաթղթերում ամրագրված նպատակները։