ՀՊՏՀ-ում դասախոսեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը

04.11.2022
Դիտումների քանակ՝ 1261

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ՀՀ նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր դասախոսեց «Պետության դերի ժամանակակից ընկալումները» թեմայով։ Տնտեսագիտականում նախագահի այցին սպասում էին բոլորը՝ ուսանողներ, դասախոսներ, աշխատակիցներ։

Ողջույնի իր խոսքում ռեկտոր Դիանա Գալոյանն ընդգծեց, որ նման ձևաչափով Վահագն Խաչատուրյանն առաջին անգամ է ՀՊՏՀ-ում, ապա հավաստիացրեց, որ որպես երկրի, բուհի ղեկավար և տեսաբան-տնտեսագետ նրան մշտապես սպասում են այստեղ։

Շնորհակալություն հայտնելով ներկաներին լեփ-լեցուն դահլիճում իրեն դիմավորելու համար՝ նախագահը շեշտեց, որ մեծ պատասխանատվություն է կրում՝ հանդես գալով մի լսարանի առջև, որտեղ նաև իր դասախոսներն են, տնտեսագետ ընկերներն ու գործընկերները։

Երկրի ղեկավարը նշեց, որ պետության դերի վերաբերյալ տեսական քննարկումները կարևոր են, նախևառաջ պետք է հասկանալ մեր շրջապատում տեղի ունեցող տնտեսական երևույթները, եզրահանգումներ կատարել և փորձել գնահատել դրանք։

Պետության դերին անդրադառնալը, ըստ Վահագն Խաչատուրյանի, առավել արդիական դարձավ քովիդի համաճարակի ժամանակ, որի տնտեսական հետևանքները թեև լիովին հաղթահարված չեն, սակայն մեր երկիրը կարողացավ այս ընթացքում տնտեսական հաջողություններ արձանագրել։

Դասախոսության ընթացքում նախագահը խոսեց պետության կարգավորիչ դերի, պետություն-շուկա հարաբերության, պետական խորհրդանիշների, նոր ժամանակների մարտահրավերների և այլ հիմնախնդիրների մասին։

Վերջում նախագահը պատասխանեց ուսանողների հարցերին, որոնք վերաբերում էին ազգային գաղափարախոսությանը և ստվերային կառավարությանը, ապա հավաստիացրեց, որ միշտ պատրաստ է տնտեսության կարգավորման շուրջ մտքերի փոխանակման և բանավիճային ձևաչափով հանդիպումների։

«Ինքներդ տիրապետեք ձեր կյանքին, սեփականությանը, ազատությանը, պետությունից մի՛ պահանջեք ուրիշների կյանքը սեփականությունը և ազատությունը»․ ամփոփեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։