Անմոռաց տպավորություններ, ճանաչողական հագեցած օրեր․ ավարտվեց «ՀՊՏՀ ամառային դպրոց-2023»-ը

13.07.2023
Դիտումների քանակ՝ 1221

Հուլիսի 11-ին և 12-ին ՀՊՏՀ-ում հաճելի իրարանցում էր։ Տնտեսագիտական մայր բուհի դռները բացվել էին հանրապետության ավագ դպրոցների և քոլեջների չորս տասնյակ աշակերտների առջև։ Երկու օր շարունակ վերջիններս հնարավորություն ունեցան տնտեսագիտական արդի թեմաներով ուշագրավ դասախոսություններ լսելու, ՀՊՏՀ կրթական ծրագրերին ու նախագծերին ծանոթանալու։

Մեծ հետաքրքրությամբ և աշխույժ հարցուպատասխանով ընթացան նաև երկրորդ օրվա բանախոսությունները՝ ՀՊՏՀ դասախոս, Dexatel ընկերության SMM մասնագետ Մանե Գրիգորյանի «Սոցիալական մեդիա մարքեթինգը (SMM)», ՀՊՏՀ շարունակական կրթության բաժնի առաջատար մասնագետ Լուսինե Խուրշուդյանի «Հաջողակ կարիերայի բանաձևը», ՀՊՏՀ կարիերայի կենտրոնի պետ Տաթևիկ Վարդանյանի «Համաշխարհային տնտեսությունը և Հայաստանը»։ Դրանք ընդմիջվում էին ինտերակտիվ խաղ-վիկտորինաներով և թիմային աշխատանքներով։

Թիմերին տրված էր առաջադրանք՝ կազմել և շնորհանդեսի միջոցով ներկայացնել սեփական բիզնես գաղափարները։ Հակասրճարանների ցանց, հյուրանոցային բիզնես, ժամանց պատանիների համար, շրջիկ կինոթատրոն, օնլայն գրախանութ, հագուստի ձեռագործ ձևավորում և կրթություն VR ակնոցի միջոցով․ առաջադրված այս թեմաներով պատանիներին իրապես հաջողվեց բիզնես ծրագրեր մշակել ու հրաշալի կերպով ներկայացնել։ Սա վկայեց այն մասին, որ գիտելիքի, ստեղծարար մտքի, թիմային աշխատանքի հմտությունների շնորհիվ մասնակիցները լավագույնս յուրացրել են տնտեսագիտության և գործարարության այբուբենը, համախմբվել մեկ գաղափարի շուրջ և իրագործել այն։

Եվ այսպես՝ լավագույնը ճանաչվեց Մանուշակագույն թիմը, որի բիզնես նախագիծը՝ մարզերում շրջիկ կինոթատրոն ստեղծելու գաղափարը, բարձր գնահատվեց մրցատյանի կողմից և արժանացավ գլխավոր մրցանակի։

«ՀՊՏՀ ամառային դպրոց-2023»-ն ամփոփվեց հավաստագրերի հանձնման հանդիսավոր արարողությամբ և մրցանակաբաշխությամբ։ Այն աչքի ընկավ իր գունագեղությամբ ու գրավչությամբ։ Մասնակիցները ՀՊՏՀ-ից հեռացան անմոռաց տպավորություններով, ՀՊՏՀ բրենդային հուշանվերներով, շատերը՝ հստակ որոշմամբ՝ սովորելու են հենց Տնտեսագիտական համալսարանում։

Լուսանկարային շարքը տե՛ս ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։