ՀՊՏՀ-ում իր դռները բացեց ավանդական ամառային դպրոցը

11.07.2023
Դիտումների քանակ՝ 1002

«ՀՊՏՀ ամառային դպրոց-2023»-ը հերթական անգամ Տնտեսագիտական մայր բուհի հյուրընկալ հարկի ներքո է համախմբել հանրապետության ավագ դպրոցների 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտներին։ Այս տարի ավելի քան 100 ցանկացողներից ամառային դպրոցին մասնակցելու հնարավորություն է ընձեռվել 42 հաջողակի։ Ընտրության հարցում որոշիչ են եղել աշակերտների մոտիվացիոն նամակները։

Ամառային դպրոցի մասնակիցներին ողջունեցին և բարի գալուստ մաղթեցին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, շարունակական կրթության բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը և բուհի ուսխորհրդի նախագահ Արև Մանուկյանը։

«Ես միշտ ասում եմ մեր դիմորդներին, որ եթե նրանք որոշում ունեն տնտեսագետ դառնալու, ապա Տնտեսագիտական համալսարանը լավագույն վայրն է, քանի այն ՀՀ-ում միակ տնտեսագիտական պետական բուհն է, որտեղ տնտեսության ոլորտի լավագույն մասնագետների կողմից պատրաստվում են բանիմաց տնտեսագետներ։ Եվ եթե արդեն որոշել եք ձեր ուսումնառությունը շարունակել ՀՊՏՀ-ում, ապա պետք է հասկանաք, որ տնտեսագիտությունը մեկ ուղղություն չէ։ Ընտրել հաշվապահությունը, որովհետև լավ մաթեմատիկա գիտեք, թե ընտրել մարքեթինգը, որովհետև կրեատիվ եք․ ահա այս հարցերի պատասխանը մենք ձեզ հետ միասին կորոնենք և կգտնենք այս երկու օրերի ընթացքում, և դուք ամառային դպրոցից կհեռանաք կողմնորոշված»,- դիմելով ամառային դպրոցի մասնակիցներին՝ ասաց Դիանա Գալոյանը։

Շարունակական կրթության բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանն էլ խոստացավ, որ երկու օր շարունակ ամառային դպրոցի մասնակիցները տնտեսագիտության աշխարհում աներևակայելի ճամփորդության ավարտին կընտրեն իրենց պատկերացումներին ու նախասիրություններին համապատասխան մասնագիտություն։ Իսկ ճիշտ ընտրություն կատարելու համար ՈՒԽ նախագահ Արև Մանուկյանը խորհուրդ տվեց ուշիմ լինել այն տեղեկատվության հանդեպ, որ մատուցվելու է երկու օրերին և համոզմունք հայտնեց, որ ամառային դպրոցի յուրաքանչյուր մասնակից վաղն արդեն համալսարանից կհեռանա մասամբ «ժողեցի» դարձած։

Եվ այսպես, երկօրյա հագեցած ծրագիրը, ինչպես աշակերտներին հանգամանորեն ներկայացրեց ՀՊՏՀ շարունակական կրթության բաժնի առաջատար մասնագետ Լուսինե Խուրշուդյանը, հնարավորություն կտա ոչ միայն ծանոթանալու ՀՊՏՀ կրթական ծրագրերին և աշակերտական նախագծերին, արտերկրում սովորելու հնարավորություններին և ուսանողական խորհրդին, այլ նաև ունկնդրելու մասնագիտական թեմաներով դասախոսություններ, մասնակցելու թիմային խաղերի ու գործնական աշխատանքների՝ այսպիսով ձեռք բերելով նոր գիտելիք, հմտություն, թիմային աշխատանքի փորձ և կարողություն։

Առաջին օրվա դասախոսությունները հիմնականում վերաբերում էին տնտեսագիտական թեմաների։ ՀՀ ֆինանսների նախարարության մակրոտնտեսական քաղաքականության վարչության փորձագետ, ՀՊՏՀ ասպիրանտ Աիդա Միրումյանը աշակերտներին պարզաբանեց, թե ինչու սովորել տնտեսագիտություն, ՀՊՏՀ շարունակական կրթության բաժնի գլխավոր մասնագետ Ժորա Ստեփանյանը ծանոթացրեց ֆինանսների կառավարման մի շարք նրբությունների, ՀՊՏՀ դասախոս, կառավարման ֆակուլտետի փոխդեկան Արգամ Արտաշյանը խոսեց բարձր տեխնոլոգիաների դերի և այն մասին, թե ինչու հնարավոր չէ ապրել առանց դրանց, իսկ Գրիշա Ամիրխանյանը ներկայացրեց մարքեթինգի աշխարհը՝ իր գրավիչ ու գաղտնի կողմերով։

Դավիթ Անդրեասյանը «ՀՊՏՀ ամառային դպրոց-2023»-ի մասնակիցներից է։ Արարատ քաղաքի ավագ դպրոցի միակ գերազանցիկ տղան է՝ ապագա տնտեսագետ։ ՀՊՏՀ ամառային դպրոցի մասին տեղեկացել է ընկերներից մեկի տելեգրամյան էջից։ «Կարծում եմ՝ այս երկու օրերը որոշիչ կլինեն թե′ տնտեսագիտության վերաբերյալ գիտելիքներս խորացնելու, թե′ ապագա բուհս ընտրելու հարցում»,- ասում է նա։

Որ դիմելու է հենց Տնտեսագիտական համալսարան, Երևանի թիվ 42 ավագ դպրոցի աշակերտուհի, ապագա մարքեթոլոգ Լիանա Սահակյանը կասկած չունի․ «Նախորդ տարի ՀՊՏՀ-ում մասնակցել եմ «Բաց դռներ» միջոցառմանը և վստահ էի, որ նույն ջերմությամբ ու հյուրընկալությամբ են մեզ դիմավորելու նաև ամառային դպրոցում։ Ընդամենը մի քանի ժամ է անցել, բայց արդեն հասցրել եմ շատերի հետ ընկերանալ, լիքը նոր բան սովորել»։

Լարիսա Գյոնջյանը Արգավանդի միջնակարգ դպրոցից է։ Ասում է՝ ցանկացած ընձեռված հնարավորություն օգտագործում է նոր գիտելիք ձեռք բերելու համար։ «Ասում են՝ գիտելիքը ուժ է, և իմ համոզմամբ էլ դա իսկապես այդպես է։ Քանի որ դպրոցում անցնում ենք տնտեսագիտություն, ուսուցիչս էլ միշտ ոգևորում է, որ ունեմ տնտեսագետ դառնալու կարողություններ, որոշեցի օգտագործել այս հնարավորությունը»։

Սեդա Հակոբյանը Հրազդանի թիվ 13 ավագ դպրոցի աշակերտուհի է։ Երազանքը ՀՊՏՀ ընդունվելն է, կառավարիչ դառնալը․ «Ուզում էի վստահ լինել՝ արդյո՞ք այս համալսարանը և արդյո՞ք «Կառավարում» մասնագիտությունը, և ահա ես այստեղ եմ»։

Հագեցած օրվա ավարտին, երբ մասնակիցներն արդեն բավականաչափ շփվել և ճանաչել էին միմյանց, ոմանք՝ նույնիսկ ընկերացել, իսկ կազմակերպիչներն էլ նրանց ծանոթացրել էին բիզնես հիմնելու բանալիներին, աշակերտներին տրվեց թիմային առաջադրանք՝ բիզնես ծրագրերի մշակում, որի արդյունքները կներկայացվեն վաղը՝ ամառային դպրոցի երկրորդ օրը։

Ամառային դպրոցի առաջին օրվա լուսանկարային շարքը կարող եք տեսնել ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։