Ստեղծագործում են ՀՊՏՀ 1-ին կուրսեցիները

Դիտումների քանակ՝ 2044

ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դասախոսներ Լիլիթ Հակոբյանի և Աննա Երկանյանի համատեղ նախաձեռնությամբ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի շրջանակում կառավարման, ֆինանսական, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման, ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետների 1-ին կուրսերում հանձնարարվել է գրել գեղարվեստական ակնարկ-շարադրանք (400-500 բառ)`դասախոսների կողմից ընտրված տարբեր 8 մտքերի շուրջ, ինչպես օրինակ, «Շարունակի՛ր ինքդ քո փնտրտուքները․ ահա թե ինչ է պետք քեզ, ձգտի՛ր ամեն օր թեկուզ մեկ քայլով մոտենալ քո իրական ես-ին», «Հաճախ ավելի լավ էլ լինել շղթայված, քան ազատ», «Պետք է վճարել՝ հասկանալու համար, թե ինչպես է պետք գիտելիք գնել»: Ստեղծագործական առաջադրանքը արտակարգ դրության պայմաններում մեծ ոգևորություն է առաջացրել ուսանողների շրջանում, և նրանք ներկայացրել են արժեքավոր աշխատանքներ:

«Արտակարգ իրավիճակի պայմաններում ոգու կորովը և արիությունը չկորցնելու, լավ մարզավիճակում մնալու համար անհրաժեշտ է շատ ժամանակ տրամադրել ստեղծագործական աշխատանքին, արարումին։ Հենց դրան է ուղղված այս հանձնարարությունը»,- սա եղել է դասախոսների ուղերձն ուսանողներին: Այս մասին asue.am-ի հետ զրույցում ասաց նախաձեռնության համահեղինակ Լիլիթ Հակոբյանը: «Առցանց դասերն առավել հետաքրքրաշարժ դարձնելու և ուսուցման գործընթացը էլ ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով որոշեցինք ուսանողներին ստեղծագործելու հնարավորություն տալ: Առաջադրել ենք 8 թեմա, որոնցից պետք էր ընտրել մեկը` որպես բնաբան և դրա շուրջը կառուցել ակնարկը: Հուրախություն մեզ՝ առաջադրանքը ուսանողների կողմից լայն արձագանք ստացավ, նույնիսկ եղան շատերը, որոնք ընտրեցին մեկից ավելի թեմաներ և ներկայացրին 2-3 աշխատանք»,-ասաց Լիլիթ Հակոբյանը: Նա նշեց, որ մեծ թիվ են կազմում երևակայության բազմաշերտությամբ ու մտքի թռիչքով աչքի ընկնող աշխատանքները, այնուամենայնիվ առանձնացրեց մի քանի աշխատանքների հեղինակների:

Ուշագրավ է, որ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի ուսանող, բանակից այս տարի զորացրված Գրիգոր Ազոյանը, «Կյանքի առաջին կանոնը չհանձնվելն է, երկրորդը` միշտ առաջին կանոնի մասին հիշելը» բնաբանի շուրջ գրել է չափածո ստեղծագործություն, որը, դասախոսի փոխանցմամբ, կարելի է անվանել պոեմ: Լիլիթ Հակոբյանը հավելեց, որ լավագույն աշխատանքներ են ներկայացրել, օրինակ, կառավարման ֆակուլտետից Միլենա Բաբաջանյանը, Միլենա Պողոսյանը, Լինա Խաչատրյանը, ֆինանսականից` Քրիստինե Մարգարյանը, Աննա Սարգսյանը, ՏԿ և ՄՏՀ-ից` Նանե Արզումանյանը և այլք:

asue.am-ը կապ հաստատեց նաև Աննա Երկանյանի հետ, ով նշեց, որ շատ լավ աշխատանքներ են եղել, գրեթե բոլոր ուսանողներն են մասնակցել` ի ցույց դնելով իրենց ստեղծագործական ու նորարարական միտքը: «Մեր ներկայացրած մտքերից ամենաշատն ընտրվել են «Յուրաքանչյուր վերջ ամենևին էլ ավարտ չէ» և «Կյանքի առաջին կանոնը չհանձնվելն է, իսկ երկրորդը՝ միշտ առաջին կանոնի մասին հիշելը» բնաբանները: Արդյունքում ստացվել են բարձր գնահատականի արժանի աշխատանքներ»,-ասաց Աննա Երկանյանը:

Դասախոսները նախատեսում են բոլոր աշխատանքները ներկայացնել լսարանի ուշադրությանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին