ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի շնորհավորանքը կանանց տոների առթիվ

Դիտումների քանակ՝ 1668

Այսօր մեկնարկում է Մայրության և գեղեցկության միամսյակը: Այդ առիթով սրտանց շնորհավորում եմ բոլոր կանանց, աղջիկներին, մասնավորապես՝ գործընկերուհիներիս և ուսանողուհիներիս: Որպես բուհի ղեկավար՝ բարձր եմ գնահատում յուրաքանչյուրիդ ջանքն ու ներդրումը Տնտեսագիտական մայր կրթօջախի գործունեության մեջ։

Թո'ղ բնության զարթոնք գարունը երջանկություն բերի ձեր օջախներին, սիրե՛ք և սիրվե՛ք, ժպտացե՛ք, մնացե՛ք միշտ անզուգական, հմայիչ և անթերի։ Ձեր փխրուն ուսերին անգնահատելի և անչափ պատասխանատու բեռ է ընկած. ընտանիք, երեխաների դաստիարակություն, հոգատարություն, սեր, նվիրում:

Դուք ընտրյալ եք, հայրենիքի պահապանի՝ զինվորի մայր: Դուք վաստակել եք մեծարման և գնահատված լինելու իրավունքը, այս գեղեցիկ առիթն էլ ձեզ գնահատանքի խոսքեր շռայլելու ամենապատեհ պահն է։

Մաղթում եմ բոլորիդ կորով, քաջ առողջություն, տոկունություն և ամենակարևորը՝ անափ սեր: Սիրելիներս, թո'ղ ձեր կյանքի բոլոր օրերը հագեցած լինեն երջանիկ հիշողություններով: Աստված պահապան ձեզ և ձեր սիրելիներին:

Սիրով Ձեր՝ Դիանա Գալոյան