Շրջայց և «Անօդաչու թռչող սարքերի ուսուցում» դասընթացի ներկայացում՝ eDrone նախագծի շրջանակներում (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1769

Փետրվարի 27-ին eDrone նախագծի շրջանակներում Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում բացված OED լաբորատորիայում տեղի է ունեցել շրջայց և «Անօդաչու թռչող սարքերի ուսուցում» դասընթացի ներկայացում՝ հետաքրքրված անձանց համար: ՀՊՏՀ-ից հանդիպմանը մասնակցել են մարքեթինգի ամբիոնի վարիչ, դոցենտ Վադիմ Գրիգորյանը, ՀՊՏՀ ռեկտորի խորհրդական, մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանը, միջազգային կապերի բաժնի պետ Սոնա Մատինյանը, նույն բաժնի գլխավոր մասնագետ Արփինե Ջրաղացպանյանը և մի շարք ուսանողներ:

Միջազգային կապերի բաժնից հայտնում են, որ միջոցառման ընթացքում ՀԱՊՀ և ՀՊՏՀ ներկայացուցիչները լաբորատորիայի այցելուներին ծանոթացրել են «Անօդաչու թռչող սարքերի ուսուցում» դասընթացի թեմաներին, ժամանակացույցին և այլ մանրամասներին, ինչպես նաև շրջայց կատարել լաբորատորիայում, պատմել նրանց անօդաչու թռչող սարքերի տարբեր քաղաքացիական կիրառությունների, դրանց տեխնիկական հնարավորությունների մասին, պատասխանել նրանց հարցերին:

Միջոցառման ավարտին ուսանողների մի մասը գրանցվել է արդեն 2-րդ «Անօդաչու թռչող սարքերի ուսուցում» դասընթացին, որը կմեկնարկի մարտի 2-ին: Առաջին դասընթացի մեկնարկի մասին կարող եք կարդալ այստեղ:

Հիշեցնենք, որ eDrone-ը «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող նախագիծ է, որը մեկնարկել է 2016 թ. հոկտեմբերի 15-ին: Նախագծի նպատակը նոր ուսումնական միջավայրի հիմնումն է, որը միտված է մասնագիտական գործունեության մեջ անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաների կիրառման կարողությունների զարգացմանը:

Նախագծի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն առկա է նախագծի պաշտոնական հարթակում և ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Միջազգային ծրագրեր» բաժնում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին