Գիտելիքի օրը ՀՊՏՀ-ն հայտարարում է ՈՒԳԸ գործունեության նոր մեկնարկի մասին

Դիտումների քանակ՝ 2156

Սիրելի՛ ուսանողներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում է ձեզ և հայտարարում ամբողջությամբ վերակառուցվող, նոր ձևաչափ ու բովանդակություն ձեռք բերող Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) գործունեության մեկնարկի մասին, որը գիտությամբ, հետազոտական աշխատանքով հետաքրքրված ուսանողներին հնարավորություն կընձեռի առաջին քայլերը կատարելու և ապա հաստատուն կերպով քայլելու գիտության աշխարհում՝ կյանքի կոչելով իրենց գաղափարները:

Ուսանողական գիտական ընկերությունը կհամախմբի կարող ուժերը և կուղղորդի նրանց. ուսանողների հետ կաշխատեն մենթորները՝ ծանոթացնելով գիտահետազոտական աշխատանքի կատարման մեթոդաբանական նրբություններին, լավագույն աշխատանքները կհրապարակվեն ՈւԳԸ ժողովածուներում, գիտական պարբերականներում:

Լավ սովորող և գիտությամբ զբաղվելու իրական ցանկություն ունեցող բոլոր ուսանողների համար այս նախաձեռնությունը լուրջ հեռանկար է խոստանում նաև այն առումով, որ լավագույնները որպես հետազոտողներ կընդգրկվեն ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի աշխատանքներում ու կվճարվեն կատարած աշխատանքի համար:

Սիրելի՛ ուսանողներ, հուսով ենք, որ նոր ուսումնական տարվա մեկնարկին այս նորությունը կոգևորի ձեզ և կօգնի նորովի իմաստավորելու բարձրագույն կրթության նշանակությունը, ձեր ապագան կերտելու հնարավորությունը:

ՀՊՏՀ ղեկավարության ջանքերը միտված են մեկ նպատակի՝ ուսանողների ուսումնառության և գիտահետազոտական աշխատանքի կատարման նպաստավոր պայմանների ստեղծմանը: Հանուն որակյալ կրթության ՀՊՏՀ-ն առաջիկայում հանդես կգա նոր գաղափարներով և նախաձեռնություններով՝ ակնկալելով ուսանողների ակտիվ ներգրավվածությունը:

Այսուհետ Ուսանողական գիտական ընկերության աշխատանքներում ընդգրկվելու համար կարող եք CV-ները ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ aghavni.hakobyan@asue.am:

Իսկ վաղը՝ սեպտեմբերի 2-ին, բոլորիդ սպասում ենք մեր համալսարանի գեղատեսիլ բակում՝ տոնելու նոր ուսումնական տարվա մեկնարկը: Այս իրադարձության մասին բոլոր մանրամասները հասանելի են հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին