2019-2020 ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ. կարևոր տեղեկություն ուսանողներին և հատկապես առաջին կուրսեցիներին

Դիտումների քանակ՝ 9507

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) բակում սեպտեմբերի 2-ին, ժամը 9.00-ին տեղի կունենա նոր ուսումնական տարվա մեկնարկը՝ ավանդույթ դարձած ընդունելության և բուհի ղեկավարության ողջույնի արարողությամբ:

Սիրելի՛ ուսանողներ և հատկապես առաջին կուրսեցիներ, ի պատասխան ձեր հարցերի, սույն հրապարակմամբ ցանկանում ենք ձեզ ներկայացնել առաջին շրջանի համար անհրաժեշտ տեղեկատվությունը, իսկ հետագայում, հետևելով ՀՊՏՀ պաշտոնական կայքին (asue.am), Ֆեյսբուք և Լինկդին սոցիալական ցանցերում ՀՊՏՀ պաշտոնական էջերին, ինչպես նաև «Տնտեսագետ» ամսագրին, դուք կգտնեք ձեր հարցերի բազում պատասխաններ, ուսումնական-կրթական գործընթացը կարգավորող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և կարգերը, կծանոթանաք համալսարանական իրադարձություններին, կտեղեկանաք ներբուհական անցուդարձին:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ունի 6 ֆակուլտետ, որոնց կարող եք ծանոթանալ համալսարանի պաշտոնական կայքի (asue.am) «Ֆակուլտետներ» խորագրի ներքո՝ հետևյալ հղումով:  Ֆակուլտետները գտնվում են Երևանում, դրանցից 5-ը տեղակայված են Նալբանդյան 128 հասցեում, իսկ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետը՝ Զեյթունում, Պարույր Սևակի 77 հասցեում: Ըստ ֆակուլտետների՝  կարող եք ծանոթանալ նաև ձեր դեկաններին և նրանց կոնտակտներին՝ հետադարձ կապը պահպանելու համար:

ՀՊՏՀ-ում առկա բակալավրիատի դասերը սկսվում են 9.30-ին: Առկա մագիստրատուրայի դասերը ևս սկսվում են սեպտեմբերի 2-ից, սակայն երկրորդ հերթով, այսինքն՝ ժամը 14.15-ին, բացառությամբ գործարար վարչարարություն և հանրային կառավարում կրթական ծրագրերի, որոնց դասապրոցեսը սկսվում է երեկոյան 18.30-ին: Առկա մագիստրատուրայի 1-ին կուրսերի դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 9-ին: Դասաժամերին և դասամիջոցներին կարող եք ծանոթանալ համալսարանի պաշտոնական կայքի (asue.am) «Ուսանող» խորագրի ներքո՝ հետևյալ հղումով: Հեռակա կրթաձևում սովորողները դասերի մեկնարկի ժամանակացույցին կարող են ծանոթանալ այստեղ:  Համալսարանի ղեկավար կազմին և կառուցվածքին, ըստ ստորաբաժանումների՝ հեռախոսահամարներին և էլ.փոստերի հասցեներին, կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:

ՀՊՏՀ կայքի «Ուսանող» խորագրի ներքո հասանելի է առաջին կուրսեցիներին ուղղված «Ուսանողի ուղեցույցը», որի տպագիր տարբերակը ձեզ կբաժանվի դասերի մեկնարկին: Ուղեցույցում կգտնեք համալսարանի մասին հետաքրքիր և կարևոր տեղեկություններ ընտրովի դասընթացների համակարգի, գրադարանի, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի, «Էրազմուս+» փոխանակային ծրագրերի, ուսանողական գիտական ընկերության, մեր համալսարանում լրատվության և հանրային կապերի, ուսանողական խորհրդի, ուսման վարձի վճարման ժամկետների մասին, ինչպես նաև՝ 2019-2020 ուսումնական տարվա ժամանակացույցը:

Ուսումնական տարվա, նոր կիսամյակի մեկնարկից մի քանի օր առաջ ՀՊՏՀ պաշտոնական կայքում հրապարակվում են նաև դասացուցակները, որոնք առցանց հասանելի կլինեն հետևյալ հղումով: Քննությունների շեմին հետևեք նաև կայքի «Քննագրաֆիկներ» խորագրին, որտեղ տեղադրվում են քննությունների, ստուգարքների ու վերահանձնումների ժամանակացույցները:

ՀՊՏՀ գրադարանի մասին տեղեկություններ կգտնեք հետևյալ հղումով, «Ամբերդ» հետազոտական կենտրոնին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով, միջազգային ծրագրերին, դիմելու կարգերին և փաստաթղթերին՝ հետևյալ հղումով:

Ուսման վարձերի վճարման հետ կապված հարցերի դեպքում առաջին կուրսեցիները կարող են կապ հաստատել համալսարանի ընդունող հանձնաժողովի հետ՝ 010 593-473 հեռախոսահամարով: Ուսման վարձերի վճարման կարգին և հաշվեհամարին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: Ուսանողներին և ուսումնական գործընթացին վերաբերող բոլոր կարգերը և փաստաթղթերը հրապարակվում են ՀՊՏՀ պաշտոնական կայքի «Փաստաթղթեր» բաժնում:

Համալսարանի Wi-Fi-ի գաղտնաբառը asue1930 է:

Հ.Գ. 3-րդ լուսանկարում Զեյթունում գտնվող ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետն է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին