Դրական էմոցիաներով և գիտելիքով հագեցած օր ՀՊՏՀ-ում․ մեկնարկեց «ՀՊՏՀ աշնանային ճամբար-2022»-ը

28.10.2022
Դիտումների քանակ՝ 1434

Տնտեսագիտական համալսարանում այսօր մեկնարկած «ՀՊՏՀ աշնանային ճամբար-2022» նախագիծը մեկ հարկի տակ է համախմբել հանրապետության մարզերի չորս տասնյակ աշակերտների։ Վերջիններիս մոտիվացիոն նամակները «մոտիվացրել» էին նաև ՀՊՏՀ շարունակական կրթության բաժնի աշխատակիցներին՝ ճամբարի մասնակիցներին դիմավորելու և հյուրընկալելու առանձնակի պատրաստվածությամբ և ոգևորությամբ։

Այսպիսով, հանրապետության տարբեր մարզերի 150 դիմորդներից ընտրված հաջողակներն այսօր ՀՊՏՀ-ում են և երկու օր շարունակ հնարավորություն կունենան տնտեսագիտական արդի թեմաներով ուշագրավ դասախոսություններ լսելու, ՀՊՏՀ կրթական ծրագրերին ու նախագծերին ծանոթանալու և հենց միջազգային փոխանակման ծրագրերի մասնակից ուսանողներից տեղեկանալու արտերկրում սովորելու հնարավորությունների մասին։

Աշնանային ճամբարի մասնակիցներին ողջունեցին և բարի գալուստ մաղթեցին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, շարունակական կրթության բաժնի պետ Աղավնի Հակոբյանը և ուսանողական խորհրդի նախագահ Արև Մանուկյանը։

«Վստահ եմ՝ այս երկու օրերը, որ դուք կանցկացնեք մեր համալսարանում, ձեզ համար ուղենիշ կհանդիսանան՝ մասնագիտական կողմնորոշման առումով։ Համոզված եմ՝ դուք այստեղից ոչ միայն գիտելիք կտանեք, այլև շատ լավ ընկերներ ու հիշողություններ»,- ասաց Դիանա Գալոյանը հավելելով, որ Տնտեսագիտական համալսարանը համընթաց է քայլում արդի կրթական զարգացումներին՝ օրեցօր բարելավելով դասավանդման որակը, կրթական ծրագրերը և ուսումնական միջավայրը։ « Վստահ եմ՝ ձեզանից շատերը, լավ սովորելով, արդեն իսկ ուսանողական տարիներին աշխատանք կգտնեն, գործնական հմտություններ ձեռք կբերեն, իսկ բուհն ավարտելուց հետո իրենց երազած աշխատանքը կունենան»,- ասաց ռեկտորը։

Ճամբարային առաջին օրվա դասախոսությունները աշակերտներն ունկնդրեցին մեծ հետաքրքրությամբ․ՀՀ կենտրոնական բանկի սպառողների շահերի պաշտպանության և ֆինանսական կրթման կենտրոնի փորձագետ Արաքս Մանուչարյանից, օրինակ, նրանք սովորեցին՝ «ինչպես կառավարել փողը, որ փողը չկառավարի իրենց», ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի դասախոս, տ․գ․թ․ Գրիշա Ամիրխանյանի հետ տեղափոխվեցին թվային մարքեթինգի աշխարհ, իսկ «Ռոսգոսստրախ-Արմենիա»-ի A կարգի գործակալ Արփինե Մայիլյանի հետ ուսումնասիրեցին ռիսկն ու ապահովագրությունը։

Այս ամենն ուղեկցվեց «համեղ ընդմիջմամբ» ու ժամանցային խաղերով։