Մեկնարկեց ASUE Educational Camp-ը

19.07.2021
Դիտումների քանակ՝ 1345

Այսօր` հուլիսի 19-ին, ՀՊՏՀ Դիլիջանի «Տնտեսագետ» մարզաառողջարանում մեկնարկեց երիտասարդական ASUE Educational Camp-ը: ՀՊՏՀ մարքեթինգի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի թղթակիցը Դիլիջանից հայտնում է, որ միջոցառման մեկնարկը տրվել է ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Գոռ Մելիք֊Սահակյանի ելույթով։ Նա նշել է, որ այս միջոցառումը նախատեսված է եղել դեռևս անցյալ տարի, սակայն համավարակի պատճառով դրա իրականացումը հետաձգվել է եւ մեծ ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել այն կյանքի կոչել այս տարի։ Ուսանողական կառույցի ղեկավարը հատուկ շեշտադրել է, որ ASUE Educational Camp-ին մասնակցում են 44-օրյա պատերազմի մասնակից ՀՊՏՀ ուսանողները։ Գոռ Մելիք֊Սահակյանը կարևորել է պատերազմի մասնակիցների նկատմամբ հոգածությունը և իր խոնարհումը հայտնել պատերազմում հերոսաբար կյանքը զոհած տղաներին։

Հավելենք, որ ASUE Educational Camp կրթական եռօրյա ճամբարը 36 պատանիների ու աղջիկների միավորելու է գիտելիքի, նոր հմտությունների, նոր գաղափարների և իհարկե` նոր ծանոթությունների շուրջ: Ամեն օր իրենց մոտիվացիոն և գործնական գիտելիքներով, հարուստ ելույթներով հանդես են գալու բուհի և այլ հրավիրյալ բանախոսներ: Վստահ ենք, որ այս միջոցառումը կդառնա բեկումնային բոլոր այն մասնակիցների համար, ովքեր երկրին ու հայրենիքին օգտակար մարդ դառնալու ճիշտ ճանապարհն են ընտրել:

Դիլիջանից` ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին