Ավարտվեց ASUE educational camp-ը՝ նվիրելով հարուստ ու անմոռանալի տպավորություններ

22.07.2021
Դիտումների քանակ՝ 1243

Դասախոսություններ, խաղեր, ծանոթություններ, ժամանցային ծրագիր. մի խոսքով՝ ASUE educational camp: Հուլիսի 19-ից 21-ը ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանում «Հմտությունների զարգացում» թեմայով եռօրյա կրթական ճամբարն անցավ հագեցած՝ ճանաչողական ու բազմաբովանդակ, աշխույժ ու գործնական։ Այդ օրերին ճամբարականներին այցելեցին բուհի ղեկավարները, դասախոսները և հրավիրյալ բանախոսներ, որոնք երիտասարդներին փոխանցեցին գիտելիք, կարևոր խորհուրդներ, իսկ տարբեր հմտություններ զարգացնող խաղերն էլ յուրովի փորձառության հնարավորություն ընձեռեցին՝ պարգևելով անմոռանալի պահեր։

Այսպիսով, բանախոսները 4-ն էին. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դասախոս, դերասանուհի Տաթև Ղազարյանը, թեման՝ «Հանրային խոսք», կյանքի ոճաբան Առգաթան, թեման «Էթիկան՝ որպես հմտություն», SMARTOLOGY Digital Business Academy-ի և AMCG Agency-ի հիմնադիր, ՀՊՏՀ մարքեթինգի պատասխանատու Արտակ Հարությունյանը, թեման՝ «Համակարգային մտածողություն» և Skill.am-ի հիմնադիր Սերգեյ Ուսնունցը, թեման՝ «Հաղորդակցություն»:

Հուլիսի 21-ին՝ ճամբարի հանդիսավոր փակմանը արարողության հյուրերն էին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը: ՀՊՏՀ-ականներին ուղղված խոսքում ռեկտորը կարևորեց կրթական գործընթացի և ժամանցի համակցված այս ձևաչափը և ընդգծեց. «Այսպիսի միջոցառումները չափազանց կարևոր են արտալսարանական կրթություն ապահովելու տեսանկյունից։ Համալսարանի տված ակադեմիական գիտելիքը պետք է զուգակցել ոչ ֆորմալ կրթությամբ»։

ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ Գոռ Մելիք-֊Սահակյանը, ամփոփելով ասաց, որ մասնակիցները գերմոտիվացված էին, խանդավառված, ինչը առաջընթացի, կրթական ձեռքբերումների լավագույն խթան է, ապա հավելեց, որ գալիք սեպտեմբերից ուսանողական խորհրդի դռները կրկին բաց կլինեն բոլոր ուսանողների առջև։ ՈՒԽ նախագահը հորդորեց, որ յուրաքանչյուր ուսանող ամենափոքր հնարավորությունն անգամ օգտագործի կրթվելու և զարգանալու, իր կարողությունները հայրենի երկրին ու ժողովրդին ծառայեցնելու համար։

Ամփոփենք՝ ASUE Educational Camp կրթական եռօրյա ճամբարը հարստացրեց ՀՊՏՀ 36 ուսանողների (այդ թվում՝ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից ՀՊՏՀ ուսանողների) ամառային առօրյան՝ նրանց համախմբելով գիտելիքի, հմտությունների, փորձի փոխանակման միջավայրում, նվիրելով ծանոթություններ:

Հավելենք նաև, որ այդ օրերին ՀՊՏՀ-ականների հետ ճամբարային եռօրյան անցկացրին արցախցի 10 երիտասարդներ՝ Շուշիի տեխնոլոգիական եւ Արցախի պետական համալսարանների ուսանողներ:

Մասնակիցներն արժանացան հավաստագրերի:

Դիլիջանից` ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին