ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը վերադառնում է մրցասպարեզ. առջևում նոր խաղեր են

Դիտումների քանակ՝ 2082

ՀՊՏՀ ֆուտզալի թիմը վերադառնում է մրցասպարեզ. հաղթանակներ կերտած, Հայաստանի նախկին չեմպիոն հավաքականը նորովի հանդես կգա առաջիկա մրցույթներում: Թիմի պլանների մասին asue.am-ի հետ զրույցում խոսել է թիմի ղեկավար, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի ժ/պ Հովհաննես Գաբրելյանը:

Տեղեկացանք, որ VBet ընկերությունը դարձել է ֆուտզալի ՀՊՏՀ թիմի տիտղոսային հովանավոր: Այս համագործակցության շնորհիվ հավաքականն արդեն հաջորդ մրցաշրջանից կվերադառնա ՀՀ ֆուտզալի սուպերլիգա: Իսկ առջևում 2 կարևոր ստուգատես կա, որտեղ մեր հավաքականը հանդես կգա. նոյեմբերի 19-24-ը ԿԳՄՍ նախարարության կազմակերպած հանրապետական ուսանողական մարզական խաղերի ֆուտզալի մրցապայքարն է, իսկ նոյեմբերի 10-ից մեկնարկում է Բիզնես լիգայի A խմբի առաջնությունը:

«Թիմը, իր հաղթական ոգու համաձայն, կվերսկսի գործունեության նոր փուլ: Այն համալրված է ինչպես ՀՊՏՀ երիտասարդ ուսանողներով, այնպես էլ փորձառու, արդեն ՀՊՏՀ շրջանավարտ ֆուտզալիստներով: Վստահաբար, նրանց ջանքերի միավորման շնորհիվ կկերտենք նոր հաղթանակներ»,-ասաց Հովհաննես Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ թիմը ֆուտզալի Հայաստանի չեմպիոն է դարձել 2015 և 2016թթ., ինչպես նաև Երևանում ընդունել է ՈւԵՖԱ-ի ֆուտզալի լիգայի նախնական փուլը, վերջին 4-5 տարիների ուսանողական լիգաների, ֆուտզալ լիգա սիրողական մրցաշարի վերջին խաղարկության հաղթողն է: 3 անգամ մասնակցել է նաև Եվրոպական համալսարանական առաջնություններին՝ մի դեպքում 24 թիմի պայքարում հասնելով 1/4 եզրափակիչ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին