«ՀՊՏՀ խաղեր-2018». հանդիսավորությամբ տրվեց մարզամշակութային ուսանողական միջոցառման մեկնարկը

Դիտումների քանակ՝ 1245

Տնտեսագիտական համալսարանում մեկնարկել է «ՀՊՏՀ ուսանողական խաղեր-2018» մարզամշակութային միջոցառումը, որը մեկ ամիս շարունակ կմիավորի մեր շնորհալիներին, մարզասերներին ու մշակութասերներին:
Ուսանողական խաղերը, ՈՒԽ նախաձեռնությամբ, մեկնարկել էին երեկ՝ հրաձգության և վոլեյբոլի առաջնություններով, իսկ հանդիսավոր բացումն այսօր էր՝ ՀՊՏՀ ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանի, ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Գաբրիելյանի, ամբիոնի դասախոսական կազմի (ամբիոնն աջակցում է միջոցառման կազմակերպմանը), ՈւԽ նախագահ Հովհաննես Հարությունյանի և ուսանողների մասնակցությամբ: Ավանդույթի համաձայն, մարզական շքերթով դահլիճ մտան ՀՊՏՀ 6 ֆակուլտետների ուսանողներ, այնուհետև բացման խոսք ասաց ռեկտոր Կորյուն Աթոյանը: Նա ողջունեց ուսանողների նախաձեռնությունը, ապա նշեց, որ համալսարանի ղեկավարությունը, կրթությունից զատ, կարևորում է մարզական ու մշակութային իրադարձությունները, ուսանողների արդյունավետ ժամանցի կազմակերպումը: Ռեկտորը մաղթեց առողջ մրցակցություն:
Ողջույնի խոսքում Հովհաննես Գաբրիելյանը շեշտադրեց, որ ամենամյա մարզական միջոցառումներն ի հայտ են բերում ներուժ ունեցող մարզիկներին, որոնց թեկնածությունը հետագայում դիտարկվում են հանրապետական մարզական մրցույթներում ՀՊՏՀ-ն ներկայացնելու համար:
Մասնակիցներին հաջողություն մաղթեց ՈւԽ փոխնախագահ Զավեն Խուկեյանը:
Հանդիսավոր արարողակարգում հնչեց ՀՀ օրհներգն ու բարձրացվեց եռագույնը:
Հաջորդիվ սկսվեց պարանի ձգում առաջնությունը: Հրաձգության, սեղանի թենիսի, շախմատի, վոլեյբոլի (աղջիկներ, տղաներ), ֆուտզալի, պարանի ձգման, բազկամարտի մրցումների և մշակութային մրցույթների հանրագումարով կորոշվի լավագույն ֆակուլտետը:
Թիմերին մաղթում ենք հաջողություն:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին