ՀՊՏՀ սաները աշխատանքի են անցել «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ում և արժանացել մրցանակների

Դիտումների քանակ՝ 1484

Նոյեմբերի 9-ին «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ում (ապրանքանիշը՝ Beeline) նշվել է «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի 10-ամյակը, որի ընթացքում ամփոփվել են տարիների կատարած աշխատանքներն ու ձեռքբերումները, ինչպես նաև մրցանակներ են հանձնվել ծրագրի շրջանակներում ընկերությունում փորձառող հայաստանյան բուհերի լավագույն ուսանողներին: Միջոցառմանը հրավիրվել է ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժնի պետ Աիդա Առուստամյանը, ով էլ մեր բաժնին հայտնեց մանրամասները:
Մրցանակների և հավաստագրերի են արժանացել «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակիցներ, ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողուհի Ջուլիետտա Գալստյանը և նույն ֆակուլտետի շրջանավարտ, ՀՊՏՀ ասպիրանտ Հակոբ Բաղդասարյանը: Նրանք արդեն աշխատանքի են անցել «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ում: «Բուհ-աշխատաշուկա համագործակցության շնորհիվ մեր ուսանողներն ու շրջանավարտները առաջատար կազմակերպություններում փորձառում ու գործնական գիտելիքներն են ձեռք բերում, լավագույնները՝ աշխատանքի հրավեր ստանում»,- ասաց նա:
Նշենք, որ «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը մեկնարկել է 2008 թվականին և դրա շրջանակներում արտադրական փորձառություն են անցնում բուհերի ավագ կուրսերի բարձր առաջադիմությամբ և լեզուների (ռուսերեն, անգլերեն) գերազանց իմացությամբ ուսանողները:
Ինչպես միջոցառման ընթացքում նշել է «Վեոն Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ծրագրի նպատակը լավագույն երիտասարդ կադրերին աշխատանք գտնելու գործում աջակցելն է:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին