Շրջանավարտները մեր համալսարանի ներկան են, ոչ թե անցյալը. հանդիսավորությամբ հանձնվեցին դիպլոմները (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 6707

Ամեն տարվա նման, Հայաստանի տնտեսագիտական մայր բուհը իր սաներին հանդիսավորությամբ ու ջերմառատ մթնոլորտում բարի երթ է մաղթում: Հարազատ բուհի պատերի ներքո այսօր տեղի  ունեցավ  «ՀՊՏՀ շրջանավարտ-2019» հանդիսավոր միջոցառումը, նորավարտներին շնորհավորեցին ու սրտագին բարեմաղթանքներ   հղեցին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Վահան Մովսիսյանը, ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը, բուհի պրոռեկտորները, դեկանները, պրոֆեսորադասախոսական կազմի անդամները, շրջանավարտների ծնողներն ու հարազատները, ինչպես նաև՝ միմյանց շնորհավորանքներ հղեցին հենց օրվա հերոսները:

Միջոցառման սկիզբն ազդարարեց ՀՊՏՀ խորհրդի նախագահ, ինչպես ուսանողների անունից միջոցառման հանդիսավարը ներկայացրեց՝ ՀՊՏՀ բոլոր ուսանողների ավագ ընկեր և խորհրդատու Վահան Մովսիսյանը:

«Շնորհավորում եմ բոլորիդ, անցաք ձեր կյանքի կարևորագույն փուլերից մեկը, որը գուցե ամենահետաքրքիրն  ու ամենաուրախն էր: Բայց  մտնում եք մի նոր կյանք, որտեղ փորձելու եք ավանդ ներդնել մեր նոր Հայաստանի կերտման գործում: Չվախենաք ոչ մի բանից, ամենահավակնոտ ծրագրերը վերցրեք և փորձեք կյանքի կոչել, միշտ եղեք ուրախ հպարտ և սիրով: Կյանքի հաջորդ փուլերում մաղթում եմ նորանոր ձեռքբերումներ»,-ասաց ՀՊՏՀ խորհրդի նախագահը:

Ռուբեն Հայրապետյանը ելույթում ուրախությամբ արձանագրեց՝ «մթնոլորտն ուղղակի ֆանտաստիկ է», հարազատ կրթօջախն այսօր ճառագում է մեծ էներգիա հաղորդող տոնականությամբ:  «Վերջերս ինձ մի հարց ուղղեցին՝ ո՞րն է ՀՊՏՀ ամենաուժեղ կողմը, ես պատասխանեցի՝ շրջանավարտներն են: Ի դեմս նրանց, մենք, իրոք, հզոր ներուժ ունենք: Ավարտելով, դուք չեք կտրվում համալսարանից, հակառակը, համալրում եք մեր ամենաուժեղ բանակը: Եվ հետևաբար այսուհետ պետք է շատ սերտ կապ ապահովեք համալսարանի հետ, համագործակցեք: Եվ ասեմ, որ արդեն մենք շրջանավարտների հետ աշխատանքի լուրջ փորձ ունենք և այն մի քանի ուղղություններով զարգացնում ենք: Խոսքը վերաբերում է թե' ուսանողների գործնական պարապմունքների իրականացմանը, թե՛ նրան, որ մենք մեր աշխատակիցների շարքերը համալրում ենք մեր շրջանավարտների ցանցից: Իմացեք, որ շրջանավարտները մեր համալսարանի ներկան են, ոչ թե՝ անցյալը»,-ասաց բուհի ղեկավարը:

Ոգեշնչող ու խորհուրդներով հագեցած էր նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորանքի խոսքը:

«Մի կարևոր էջ փակում եք, բայց բացվում է ևս մեկը, որտեղ շատ արագ պետք է կողմնորոշվեք, որովհետև 21-րդ դարում կյանքի ռիթմն արագացել է և ամենաթանկ բանը ժամանակն է: Շնորհավորում եմ ծնողներին, դասախոսներին, այսօր շրջանավարտները դիպլոմներ են ստանում ձեր մեծ աշխատանքի արդյունքում: Ձեր համալսարանը հատկապես վերջին փուլում ավելի մեծ դերակատարում է սկսել ունենալ մեր բուհական կյանքում ու տնտեսագիտական ոլորտում: Վստահ եմ, որ այստեղ ավարտած մասնագետները արագ իրենց տեղը կգտնեն մեր տնտեսության տարբեր ոլորտներում»,-ասաց նախարարն ու հավելեց, որ իրենց նախարարությունում էլ մրցունակ մասնագետների պահանջարկ կա և շրջանավարտները կարող են վստահորեն դիմել:

«Ես ուզում եմ, որ ակտիվ մասնակցություն ունենաք Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող տնտեսական հեղափոխությանը, որովհետև երիտասարդ մասնագետները զինված են նոր գիտելիքներով և գիտեն նոր ժամանակների մարտահրավերները»-ելույթը եզրափակեց նախարարը:

Արայիկ Հարությունյանը, Ռուբեն Հայրապետյանն ու Վահան Մովսիսյանը Կարմիր դիպլոմներ հանձնեցին ՀՊՏՀ առաջավոր շրջանավարտներին: Երեկոյի հատուկ մրցանակի հասցեատերը՝ «2019թ. լավագույն շրջանավարտ»-ը ֆինանսական ֆակուլտետից Աշխեն Գալստյանն է, ով ՀՊՏՀ գործընկեր «Ֆլալեսս» ընկերության կողմից ստացավ դրամական պարգև: «Ֆլալեսս» ընկերության անունից հատուկ մրցանակներ  (համակարգիչներ) շնորհվեցին ամենաբարձր ՄՈԳ ունեցող Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի շրջանավարտ Սևակ Կյուրեղյանին, մարտական հերթապահություն իրականացրած ամենաբարձր ՄՈԳ ունեցող նույն ֆակուլտետի  ուսանող Դավիթ Ասոյանին:

Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հետ զրույցում ՀՀ կրթության , գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը շնորհավորեց ՀՊՏՀ շրջանավարտներին՝ նշելով, որ ինքն էլ ավարտել է Տնտեսագիտական համալսարանի մագիստրատուրան և այստեղ ստացած գիտելիքներն իր համար մեծ արժեք ունեն: «Այստեղ ստացած գիտելիքներն ինձ մեծապես օգնում են նաև հիմա՝ իմ պաշտոնավարման շրջանում: Այնպես որ, կարծում եմ, որ Տնտեսագիտական համալսարանի շրջանավարտներն իրենց ուրույն տեղը կգտնեն նոր Հայաստանում և հատկապես ակտիվորեն կներգրավվեն տնտեսական հեղափոխության իրականացման գործում»,- նշեց նախարարի տեղակալը:

Մեզ հետ զրույցում ՀՊՏՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Դիանա Գալոյանն էլ իր սրտի խոսքը հղեց շրջանավարտներին՝ նշելով, որ ամեն տարի այս օրը հուզմունքի ու հպարտության միախառնված զգացում է պատում իրեն: «Նրանց համար կյանքի նոր փուլ է սկսվում, որը լի է լինելու խոչընդոտներով, սակայն դա, անշուշտ, նրանց ավելի ուժեղ և մոտիվացված է դարձնելու: Հուսով եմ՝ համալսարանն այս տարիներին նրանց բավականաչափ գիտելիք և հմտություն է տվել, որի շնորհիվ էլ նրանք կարողանալու են կյանքում իրենց հաստատուն տեղը գտնել: Հորդորում եմ բուհի հետ կապը պահել և շարունակել լինել ՀՊՏՀ մի մասնիկը, բարի երթ»,-ասաց պրոռեկտորը:

«ՀՊՏՀ շրջանավարտ-2019»-ի պաշտոնական մասին հաջորդեց ժամանցայինը՝ DJ Dark-ի մասնակցությամբ երաժշտական համերգը, որը կշարունակվի մինչև ուշ երեկո՝ անմոռաց տոն պարգևելով օրվա հերոսներին: Միջոցառման ավարտին խաղարկությամբ 3 շրջանավարտ կստանա «Փարվանյան Քոնսալթինգ» ընկերության կողմից նվեր-քարտեր:

Միջոցառումը կազմակերպել են ՀՊՏՀ վարչատնտեսական և կազմակերպական դեպարտամենտը, արտաքին կապերի դեպարտամենտի աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժինը և ՀՊՏՀ ուսանողական խորհուրդը:

Այսպիսով, 2018-2019 ուսումնական տարում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ավարտեց 1702  շրջանավարտ, այդ թվում՝ առկա բակալավրիատը՝ 995 շրջանավարտ, որից 259-ը՝ Կարմիր դիպլոմով, առկա մագիստրատուրան՝ 304 շրջանավարտ, որից 153-ը՝ Կարմիր դիպլոմով և հեռակա բակալավրիատը՝ 403 շրջանավարտ, որից 5-ը՝ Կարմիր դիպլոմով:

Հավելենք, որ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղն այս ուսումնական տարում ունի 138 շրջանավարտ, այդ թվում՝ 102-ը՝ առկա բակալավրիատում, 36-ը՝ առկա մագիստրատուրայում: Եղեգնաձորի մասնաճյուղն ունի 40 շրջանավարտ, որից 28-ը՝  առկա բակալավրիատում,  12-ը՝ առկա մագիստրատուրայում:

Սիրելի' շրջանավարտներ, շնորհավորում ենք և մաղթում, որ ձեր մուտքը կյանքի նոր շրջափուլ լինի պայծառ ու խոստումնառատ:

Հ.Գ. Սիրելի շրջանավարտներ, գործընկերներ, վաղը կհրապարակենք հատուկ ֆոտոռեպորտաժ՝ փորձելով արտահայտել շատերի մասնակցությունը: Ի դեպ, լուսանկարները կհրապարակենք բարձր որակով ներբեռնելու հնարավորությամբ:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին