ՀՊՏՀ նիստերի սրահը վերազինվեց վերջին սերնդի տեխնիկայով

Դիտումների քանակ՝ 1497

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը տեխնիկական վերազինման հերթական փուլում է: ՀՊՏՀ նիստերի սրահն այսօր վերազինվեց վերջին սերնդի տեխնիկայով, որը ոչ միայն գերհզոր էկրան է, այլև համակարգչային, մաթեմատիկական ծրագրերով, ինտերնետային կապով, էլեկտրոնային գրատախտակի հնարավորությամբ և բազում գործիքներով հագեցած համակարգ (դիսփլեյ):

Սարքավորումն այսօր տեղադրվեց նիստերի սրահում: Համակարգի տեղադրման և գործարկման աշխատանքներին ներկա էին ՀՊՏՀ վարչատնտեսական և կազմակերպական դեպարտամենտի տնօրեն Արամ Հովհաննիսյանը, էլեկտրոնային սարքավորումների սպասարկման և ծրագրային ապահովման բաժնի պետ Սամվել Հովհաննիսյանը, նույն բաժնի աշխատակից Բագրատ Մարգարյանը: Տեխնիկայի ձեռքբերմամբ զբաղված մեր գործընկերները վստահեցրեցին՝ ներդրված տեխնիկան ոչ միայն մեծապես կնպաստի ուսումնագիտական գործընթացի տեխնիկական ապահովմանը, այլև օգտակար կլինի աշխատակիցների և ուսանողների համար:

Մեր համալսարանը կհամալրվի ևս 8 գերհզոր ինտերակտիվ պրոյեկտորով, որոնցով կկահավորվեն լսարանները: Նոր ուսումնական տարվանից դրանք հասանելի կլինեն ՀՊՏՀ ուսումնական գործընթացի շահառուներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին