«Հուսով եմ՝ մի օր ձեզ կողջունենք որպես մեր ուսանողների». ՀՊՏՀ-ն հյուրընկալեց երևանյան 3 դպրոցների աշակերտների (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 3016

Դպրոցների հետ համագործակցության շրջանակներում այսօր երևանյան 3 դպրոցի շուրջ 7 տասնյակ աշակերտներ հյուրընկալվել էին Տնտեսագիտական մայր բուհում: Կրթօջախի մեծ դահլիճը համախմբել էր Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114, Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 և «Հերացի» ավագ դպրոցների տնտեսագիտական ու բնագիտական հոսքերում սովորող աշակերտներին: Դպրոցականներին ջերմորեն ողջունեցին համալսարանի ղեկավարությունն ու ուսանողությունը:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը ջերմ ողջույնի խոսք հղեց՝ նշելով. «Հուսով եմ մի օր ձեզ կողջունենք որպես մեր ուսանողների»: Բուհի ղեկավարն ընդգծեց, որ այսօրինակ հանդիպումների նպատակը աշակերտներին մասնագիտական կողմնորոշման հարցում աջակցելն է, որպեսզի նրանք ավելի համակողմանի պատկերացում կազմեն տնտեսագիտություն մասնագիտության վերաբերյալ և արդյունքում կատարեն գիտակցված մասնագիտական ընտրություն: Ռեկտորի պաշտոնակատարն ընդգծեց նաև, որ ՀՊՏՀ-ն բարեփոխումների ճանապարհին է, կրթության որակի բարձրացումն առանցքային է: «Վստահեցնում եմ, որ դուք գտնվում եք հայաստանյան լավագույն բուհերից մեկում, որտեղ դասավանդում են ոլորտի լավագույն մասնագետները»,-ասաց Դիանա Գալոյանը:

ՀՊՏՀ բոլոր 6 ֆակուլտետների ուսանողական խորհրդի նախագահների մասնակցությամբ տեղի ունեցավ պանելային քննարկում, որը հակիրճ և հումորով համեմված ներկայացնում էր ֆակուլտետների, մասնագիտությունների առավելությունները: Տեղի ունեցավ նաև աշակերտների գիտելիքները ստուգող խաղ՝ մրցանակներով, ցուցադրվեցին տեսանյութեր, որոնք արտացոլում էին բուհական կյանքը, ուսանողական առօրյան: ՈւԽ նախագահի տեղակալ Իռեն Թալալյանը ներկայացրեց ուսանողական խորհրդի գործունեության ուղղությունները, իսկ ընդունելության գործընթացը մանրամասնեց ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Մանուկ Մովսիսյանը:

Դահլիճային հանդիպումից հետո ՀՊՏՀ-ականների ուղեկցությամբ աշակերտները շրջեցին համալսարանի տարածքում, ծանոթացան ֆակուլտետներին, այցելեցին գրադարան, մարզադահլիճ: Դպրոցականները հեռացան վառ տպավորություններով և վստահ ենք, որ անկախ բուհի ընտրությունից, ՀՊՏՀ-ն նրանց համար ոչ թե սոսկ համալսարանի անուն է լինելու, այլ մասնագիտական կրթօջախ, որտեղ իրենք ջերմ ընդունելության են արժանացել ու դարձել աշնանային մի արևային օրվա պատվավոր հյուրը:

Հուսով ենք՝ մասնագիտական կողմնորոշման այցը ծառայեց նպատակին և այսօր մեզ մոտ հյուրընկալված աշակերտների մի մասին վաղը կտեսնենք մեր ուսանողների շարքերում:

Միջոցառումը կազմակերպել էր ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտը՝ Ուսանողական խորհրդի հետ համատեղ, կազմակերպմանը մեծապես աջակցել է մարքեթինգի ամբիոնի դոցենտ,  ուսանողների հետ տարվող աշխատանքների գծով ռեկտորի խորհրդական Լիլիթ Դադայանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին