ՀՊՏՀ գրամշակութային ակումբը կհամախմբի ընթերցասերներին
Գրքի տոնի առիթով ՀՊՏՀ լեզուների ամբիոնի նախաձեռնությամբ այսօր ազդարարվեց գրամշակութային ակումբի աշխատանքների մեկնարկը։
Նորաստեղծ ակումբի բացմանը ներկա էին լեզուների ամբիոնի դասախոսներ, արվեստասեր ու գրքասեր ուսանողներ։ Ներկաներին ողջունեց ՀՊՏՀ լեզուների ամբիոնի վարիչ, բ․գ․դ․, դոցենտ Լուսինե Հարությունյանը, ով իր խոսքում մեծապես կարևորեց նմանատիպ նախաձեռնությունների կազմակերպումն ու իրականացումը ապագա տնտեսագետների կերպարի ամբողջացման հարցում։ Ապա ակումբի գործունեության հիմնական նպատակները, ուղղությունները ներկայացրեց նախաձեռնության հեղինակ, լեզուների ամբիոնի դասախոս Լիլիթ Հակոբյանը։ Նա արձանագրեց, որ իր դասավանդած առարկայի դասընթացի շրջանակում հնարավոր չէ իրականացնել բոլոր հետաքրքիր նախաձեռնությունները, դրա համար էլ առաջացավ մի այսպիսի մտահղացում՝ ստեղծել ակումբ, որի շրջանակում հնարավոր կլինի իրականություն դարձնել բոլոր խենթ մտքերը, ոչ ստանդարտ գաղափարները և դրանով ինչ-որ իմաստով կոտրել աշխատանքային գերհագեցած օրվա թանձր շերտը։
Նշենք, որ գրամշակութային ակումբի գործունեության հիմնական նպատակներն են՝ կազմակերպել ժամանակակից գրողների հետ հանդիպումներ, «Մեկ ամիս՝ մեկ գիրք» նախագծի շրջանակում նախապես ընտրել հայ կամ համաշխարհային գրականության արժեքավոր որևէ ստեղծագործություն, հայտարարել վերնագիրը, ապա կազմակերպել գրքի քննարկում՝ ուսանողների և դասախոսների գործուն մասնակցությամբ, կազմակերպել ստեղծագործող ուսանողների գրքերի շնորհանդես-քննարկումներ, թարգմանել համաշխարհային գեղարվեստական, նաև գիտական-մասնագիտական գրականության հետաքրքիր նմուշներ։
Գործունեության յուրաքանչյուր ուղղության համար ընտրվեցին պատասխանատու ուսանողներ, որոնք կձևավորեն խմբեր և կհամակարգեն ակումբի աշխատանքները։ Խոսքով հանդես եկան կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Թագուհի Գևորգյանը (ժամանակակից գրողների հետ հանդիպումների կազմակերպման պատասխանատու), ֆինանսական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանողուհի Նուշիկ Մուրադյանը («Մեկ ամիս՝ մեկ գիրք» նախագծի պատասխանատու), ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանողուհի Նանե Արզումանյանը (ստեղծագործող ուսանողների հետ աշխատանքների պատասխանատու)։ Նրանք խոսեցին առաջիկա անելիքների մասին՝ արդեն իսկ նշելով առաջին հանդիպումների թեմաներն ու հերոսներին։
Ակումբի անդամ կարող են դառնալ բուհի թե՛ ուսանողները, թե՛ դասախոսները, թե՛ վարչական աշխատողները։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին