Տնտեսագիտական մայր բուհի հետ դիմորդների ծանոթությունը նշանավորվեց ջերմ ու անմոռանալի հանդիպմամբ

25.02.2021
Դիտումների քանակ՝ 1335

ՀՊՏՀ «Բաց դռների օր» հյուրընկալող միջոցառումը դարձել է տեղեկատվությամբ ու զվարճանքով հագեցած բուհ-դիմորդ հանդիպում ու կենդանի զրույց, որի ընթացքում ուշադրության կենտրոնում են հայաստանյան ավագ դպրոցների աշակերտները և քոլեջների սաները։ Նախընտրելի մասնագիտության, բուհի գործունեության տարբեր ուղղությունների, ուսանողական կյանքի ամենագունեղ շերտերի մասին առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու մի հնարավորություն է «Բաց դռների օրը»։

Այսօր հերթական հյուրընկալությունն էր, աշակերտներին ու քոլեջականներին ընդունեցին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի պետ Աղավնի Հակոբյանը, աշխատակիցներ, ուսանողներ՝ ՈՒԽ գլխավորությամբ։

Ողջույնի խոսքում Դիանա Գալոյանը նշեց, որ ՀՊՏՀ-ն տնտեսագիտական լավագույն բուհն է, որը ապահովում է ոչ միայն մասնագիտական կրթություն, այլև մշակութային, կրթական, զարգացնող բարենպաստ միջավայր է։ Ռեկտորը հորդորեց ակտիվորեն հետևել ՀՊՏՀ պաշտոնական վիրտուալ հարթակներին, ինտեգրվել դիմորդների համար կազմակերպվող միջոցառումներին, մրցույթներին, որոնցից մեկը ավարտական դասարանների աշակերտների համար իրականացվող հանրապետական մրցույթն է։

«Ուրախ եմ այստեղ տեսնել այսքան պայծառ դեմքեր, և հուսով եմ՝ վաղը ձեզ կտեսնեմ մեր համալսարանում՝ ուսանողի կարգավիճակում։ Շնորհակալություն, որ եկել եք»,-ասաց ռեկտորը։

ՈւԽ ներկայացուցիչները դիմորդներին ներկայացրին ՀՊՏՀ ֆակուլտետները, մասնագիտությունները, խոսեցին միջազգային ուսումնական ծրագրերից, զեղչային համակարգերից, ուսանողական կյանքից ու ՀՊՏՀ-ում սովորելու առավելություններից, որոնք բազմաթիվ են։ Կազմակերպվեց ժամանցային խաղ, որի հաղթողներն արժանացան մրցանակների։ Բաց դռների օրվա բոլոր մասնակիցները ստացան ՀՊՏՀ տարբերանշանով նոթատետրեր, որոնցում զետեղված է դիմորդին անհրաժեշտ տեղեկություն։

asue.am-ի հետ զրույցում Էջմիածնի Գրիգոր Նարեկացու անվան թիվ 2 դպրոցի աշակերտ Սամվել Բաբայանն ասաց, որ հետաքրքրված է կառավարման ֆակուլտետով, և այսօր ստացավ ոչ միայն ֆակուլտետի, այլև բուհի մասին համակողմանի տեղեկություն։

Բաց դռների օրն ամփոփվեց հարցուպատասխանով և բուհի տարածքով շրջայցով։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին