ՀՊՏՀ-ն՝ միջազգային գիտաժողովի կազմակերպիչ և ակտիվ մասնակից

04.05.2022
Դիտումների քանակ՝ 1792

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան Սոս Խաչիկյանի նախաձեռնությամբ, գերմանական Ցվիկաուի կիրառական գիտությունների համալսարանի Արևելյան Ասիայի կենտրոնի հետ համատեղ մայիսի 3-5-ն իրականացնում է միջազգային գիտաժողով՝ «Հայաստանը և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը. մարտահրավերներ և խնդիրներ» խորագրով։ Գիտաժողովը ֆինանսավորվում է «Ֆոլցվագեն հիմնադրամ»-ի կողմից:

Բացման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ մայիսի 3-ին՝ «Անի գրանդ հոթել» հյուրանոցում, որին մասնակցեցին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերը, ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Ֆան Յոնգը, նախագծի համակարգող Ռալֆ Ռոբելը, ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, միջազգայնագետներ, դիվանագետներ, միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ՀՊՏՀ գիտնական-մանկավարժներ։

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ Ցվիկաուի կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր Ռալֆ Ռոբելը խոսեց ռազմաքաղաքական անկայունության, չլուծված հակամարտությունների և աշխարհաքաղաքական նոր իրողությունների համատեքստում «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի նշանակության և հնարավորությունների մասին։ «Ինձ համար մեծ հաճույք է այստեղ գտնվելը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՊՏՀ-ին՝ նախաձեռնողականության և գիտաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու, նաև՝ «Ֆոլցվագեն հիմնադրամին»՝ աջակցելու համար։ Հուսով եմ՝ մեր նպատակադրումները լիովին կիրականացնենք»,- ասաց Ռալֆ Ռոբելը։

Գիտաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին ողջունեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը՝ ընդգծելով գիտաժողովի կարևորությունը՝ որպես մտքերի փոխանակության, գիտության առաջընթացի, տնտեսական զարգացման ու բարեփոխման արդյունավետ հարթակ։ «Ցվիկաուի համալսարանի հետ մեր համագործակցությունը տարիների պատմություն ունի, բազմաթիվ կարևոր նախագծեր ենք իրականացրել համատեղ, և հուսով եմ՝ այս գիտաժողովը մեր շարունակական համագործակցության արտացոլումը կլինի։ Այն կարևոր է հատկապես մեր բուհի միջազգայնացման, ինչպես նաև տնտեսագիտական մտքի զարգացման ու առաջընթացի տեսանկյունից»,- ասաց Դիանա Գալոյանը։

ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Վիկտոր Ռիխտերի խոսքով՝ գիտաժողովի կազմակերպումը ակադեմիական համագործակցության վառ օրինակ է․ «Գերմանիան ևս հետաքրքրված է այս նախագծով, մենք շատ ենք կարևորում այս նախաձեռնությունը։ Վստահ եմ՝ այն տարածաշրջանային համագործակցության լայն հնարավորություններ կբացի նաև Հայաստանի առջև»։

Չինաստանի դեսպան Ֆան Յոնգն էլ հակիրճ ներկայացրեց «Մեկ գոտի, մեկ ճանապարհ», կամ, այսպես կոչված, «Նոր Մետաքսի ճանապարհ» ծրագիրը, շեշտեց նախագծի նշանակությունն ու կարևորությունը, անդրադարձավ տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման նպատակով Չինաստանի Կառավարության ներդրումներին, նպատակներին։ «Չինաստանը և Հայաստանը հինավուրց երկրներ են, պատրաստ՝ հաղթահարելու բոլոր դժվարությունները։ Ես գնահատում եմ ձեր ակտիվ ջանքերը՝ Չինաստանի հետ երկկողմ հարաբերությունները խորացնելու ուղղությամբ, հատկապես՝ գիտական շփումների մակարդակով։ Մեր հիմնական նպատակն է՝ ստեղծել երկկողմանի շահութաբեր համագործակցություն, խորացնել բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ, և սա դարձնել զարգացման, երջանկության նախագիծ»,- ընդգծեց դեսպանը։

Խոսելով գիտաժողովի նպատակների և առանձնահատկության, ինչպես նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծի նշանակության մասին՝ ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան, տ.գ.թ, դոցենտ Սոս Խաչիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չինական տնտեսական նախագծում այս պահին ավելի քան 140 երկիր է ներգրավված, այդ թվում՝ Հայաստանը, որի համար այս նախաձեռնությանը մաս կազմելու կարևորությունն անբեկանելի է։ «Մեր գերմանացի գործընկերների հետ փորձել ենք որքան հնարավոր է ավելի լայն ասպեկտով հանրայնացնել այդ նախագիծը՝ հատկապես կարևորելով Իրանի, Հնդկաստանի, Չինաստանի հետ Հայաստանի կապը։ Մենք տնտեսական մեծ հետաքրքրություններ ունենք այս նախագծի հանդեպ՝ Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի համագործակցության շրջանակում»,- ասաց Սոս Խաչիկյանը՝ ընդգծելով, որ նման գիտաժողովները կարող են նպաստել համագործակցային և տնտեսական հարաբերությունների զարգացմանը։

Գիտաժողովի շնորհանդեսները, Սոս Խաչիկյանի փոխանցմամբ, միտված են մեկ հիմնական նպատակի՝ խոշորագույն այս նախագծից քաղել տնտեսական, սոցիալական, անվտանգային օգուտ։ Գիտաժողովը, ըստ նրա, կնպաստի նաև բուհի հանրայնացմանը՝ գործընկերային նոր հարաբերությունների հնարավորություն ընձեռելով։

Այսօր՝ մայիսի 4-ին, եռօրյա գիտաժողովն իր աշխատանքները շարունակում է ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում։ Ներկայացվում են քաղաքագիտական և տնտեսագիտական համակողմանի վերլուծություններ, հնչում են առաջարկություններ։

Նշենք, որ «Մեկ գոտի, մեկ ճանապարհը» Չինաստանի Կառավարության կողմից հաստատված ենթակառուցվածքների զարգացման և ներդրումների ռազմավարություն է, որի նպատակը Չինաստանի և տարածաշրջանի 65 երկրների միջև առևտրային, ներդրումային և ենթակառուցվածքային կապերի խորացումն է։ Ծրագրով նախատեսվում է Չինաստանը Եվրոպային և Եվրասիա մայրցամաքի տարբեր հատվածներին կապող 6 հիմնական ցամաքային, ինչպես նաև ծովային միջանցքներ ստեղծել։