ՀՊՏՀ-ն և «Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊԸ-ն՝ գործընկերներ

08.11.2023
Դիտումների քանակ՝ 1976

Տնտեսագիտական համալսարանն ու «Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ՍՊԸ-ն այսուհետ գործընկերներ են, որոնց փոխգործակցության օրակարգը ներառում է համատեղ սեմինարներ, քննարկումներ, բաց դասեր, վերապատրաստման դասընթացներ, ուսանողների փորձառություններ և բազում այլ ծրագրեր՝ հանուն ուսանողների գործունակության։ Ընդգծվում է ևս մեկ կարևոր նախաձեռնություն․ «Գրին ռոք մենեջմենթ գրուպ»-ը, որը միջազգային ընկերություն է և իրականացնում է զարգացման բիզնես և սոցիալական լայնածավալ նախագծեր, որպես սոցիալական և հանրային նշանակության նախաձեռնություն՝ նախատեսում է վերանորոգել ու վերակառուցել Օղակաձև զբոսայգու մաս համարվող մեր համալսարանի հարևան այգին։ ՀՊՏՀ-ն դառնալու է այդ նախագծի մասնակից։

Այս մասին պայմանավորվածություններն ամրագրվեցին նոյեմբերի 7-ին համագործակցության հուշագրով, որը ստորագրեցին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և ընկերության տնօրեն Վարազդատ Ներսիսյանը։

Ողջունելով գործընկերության մեկնարկը՝ ՀՊՏՀ ռեկտորն ընդգծեց, որ սոցիալական-կորպորատիվ պատասխանատվությունը մեր համալսարանի համար ռազմավարական նշանակության հարց է, և բուհը պատրաստ է մասնակից լինել այդ նախագծին։ Դիանա Գալոյանը կարևորեց նաև ուսանողների հմտությունների զարգացմանը միտված մյուս քայլերը՝ համոզմունք հայտնելով, որ աշխատաշուկայի համար որակյալ կադրերի պատրաստման գործը բուհ-գործատու համատեղ պատասխանատվության տիրույթում է։

Ընկերության տնօրեն Վարազդատ Ներսիսյանը շնորհակալություն հայտնեց փոխգործակցության պատրաստակամության համար, ներկայացրեց այգու վերակառուցման նախագիծը՝ շեշտելով, որ այն ուղղված է տարածքում գտնվող համալսարանականներին և առավելապես հանրային նշանակություն ունի։ Ընկերության ղեկավարի խոսքով՝ առաջիկայում երկկողմ քննարկումներ կանցկացվեն՝ նախաձեռնությունն առավել արդյունավետ կերպով կյանքի կոչելու նպատակով։

Նշենք, որ «Գրին ռոք մենեջմենթ գրուպ» ընկերությունը տարածքները վերափոխում է հնարավորությունների կենտրոնների՝ պահպանելով տեղական մշակույթն ու շրջակա միջավայրը, և ներդնում է Հայաստանի տնտեսական աճը խթանող նոր բիզնես-գործընթացներ: Ընկերության հիմնական նպատակը Հայաստանի կայուն զարգացմանը նպաստող բազմաֆունկցիոնալ միջավայրի ձևավորումն է։