ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը հյուրընկալեց Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին

Դիտումների քանակ՝ 1962

Բրիտանական խորհրդի կողմից իրականացվող «Բարձրագույն կրթության և զբաղվածության խթանում» խորագրով ծրագրի շրջանակներում բարձրագույն ուսումնական հաստատություններում նախատեսվում է իրականացնել հետազոտություն՝ ուսումնասիրելու շահառուների կարիքները: Հետազոտությունը նպատակուղղված է աջակցելու բուհերում անգլերեն լեզվով դասավանդման ռազմավարության մշակմանը, անհրաժեշտ գործընթացների ստեղծմանը և դասավանդման որակի ապահովմանը:

Այսօր այս առիթով ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանն հյուրընկալեց Միացյալ Թագավորության Ազատ արվեստի և գիտության քոլեջի ղեկավար, Ուեսթմիսթեր համալսարանի լեզվի, պատմության և հասարակության պրոֆեսոր Էնդրյու Լինին, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի անգլերեն կրթական ծրագրերի ղեկավար Ադդէ Հովասափյանին և անգլերեն ծրագրերի համակարգող Լորիկ Հարթունին:

Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի ասիստենտ, տնտեսագիտության թեկնածու Ալբերտ Հայրապետյանը:

Հյուրերը ներկայացրեցին բարձրագույն կրթության ոլորտում անգլերենի դասավանդման մասին իրենց առաջարկները, հետաքրքրվեցին ՀՊՏՀ-ում իրականացվող ծրագրերից:

ՀՊՏՀ ղեկավարը, շնորհակալություն հայտնելով այցելության համար, մանրամասն ներկայացրեց ՀՊՏՀ-ում լեզուների ուսուցման իրավիճակը, միջազգայնացմանն ուղղված ծրագրերը, բուհում իրականացվող բարեփոխումները, ապագային միտված նախագծերը: Դիանա Գալոյանը շնորհակալություն հայտնեց առաջարկների համար և համագործակցության պատրաստակամություն հայտնեց:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին