ՀՊՏՀ ներկայացուցիչները մասնակցել են ՀՀ տարածքային զարգացման ռազմավարությանը վերաբերող հանրային քննարկման
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Արագածոտնի մարզպետարանի, մարզի տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ դեկտեմբերի 6-ին տեղի է ունեցել 2019-2025թթ Հայաստանի տարածքային զարգացման ռազմավարության նախնական ամփոփ տարբերակի հանրային քննարկում, որին ՀՊՏՀ-ից մասնակցել են մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Գրիգորյանը և նույն ամբիոնի դոցենտ Ծովինար Կարապետյանը:
Ինչպես asue.am-ի հետ զրույցում ասաց Կարեն Գրիգորյանը՝ իրենց հրավիրել էր Աշտարակի քաղաքապետի տնտեսական զարգացման գծով խորհրդական Արթուր Ոսկանյանը, որը մակրոէկոնոմիկայի ամբիոնի դասախոսների և ուսանողների հետ երկու տարի առաջ համագործակցել է Արագածոտնի մարզում հետազոտական աշխատանքների իրականացման շրջանակում:
ՀՊՏՀ ներկայացուցիչները հանդես են եկել ռազմավարության նախագծի բարելավմանն ուղղված մի շարք առաջարկություններով և մեթոդաբանական ու գիտական հարցադրումներով: Կարեն Գրիգորյանը և Ծովինար Կարապետյանը ՀՀ ՏԿԵՆ ներկայացուցիչներին պատրաստակամություն են հայտնել մասնակցելու նաև առանձին մարզերի զարգացման ռազմավարությունների մշակումներին և քննարկումներին:
2019-2025թթ. ՀՏԶՌ նախագծի քննարկումը վարել է Արագածոտնի մարզպետի տեղակալ Գառնիկ Աթանեսյանը, իսկ խորհրդատվությունը և հանդիպման մյուս հատվածները՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բաժինների պետերը և ԵՄ «Աջակցություն Հայաստանում տարածքային զարգացման քաղաքականությանը» ծրագրի եվրոպացի փորձագետը: ՀՏԶՌ նպատակն է ապահովել Հայաստանի բոլոր տարածքների համար տնտեսական և սոցիալական, տարածքային համաչափ և կայուն զարգացում:
Քննարկման մասին կարող եք կարդալ ՝ Արագածոտնի մարզպետարանի կայք-էջի «Նորություններ» բաժնում:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին