Իրականացավ «ASUE STEM ճամբար» նոր նախագիծը

01.04.2024
Դիտումների քանակ՝ 608

ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետում մարտի 30-ին ՀՀ ավագ դպրոցների 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների համար կայացավ «ASUE STEM ճամբար» նոր նախագիծը։ Այն մեկ հարկի տակ էր համախմբել Երևանի, Կոտայքի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Տավուշի, Լոռու երկու տասնյակ աշակերտների, որոնք հնարավորություն ունեցան ծանոթանալու ամենաարդիական և հետաքրքիր տնտեսագիտական մասնագիտություններին, ՀՊՏՀ ընդունելության մանրամասներին։

Մասնակիցներին ողջունեց ՀՊՏՀ ռեկտորի ժ/պ Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ ուրախալի է տարեցտարի նման նախաձեռնությունների և նախագծերի ընդլայնումը․ «Կարծում ենք, որ, բացի ֆորմալ կրթական ցիկլերից, որոնք մեր համալսարանն իրականացնում է, մենք, հանրության և պետության առջև ստանձնած պատասխանատվության շրջանակներում, պարտք ունենք աշակերտների և ուսանողների համար նաև ոչ ֆորմալ կրթական նմանօրինակ միջոցառումներ իրականացնելու»։ Այնուհետև, դիմելով աշակերտներին, բուհի ղեկավարն ընդգծեց՝ դպրոցական տարիներին կուտակած գիտելիքի և հետագա ճիշտ կողմնորոշման շնորհիվ է մարդը կերտում իր ճշմարիտ ուղին՝ դառնալով պատրաստված, մրցունակ և ազատ։

Մասնակիցների համար ուշագրավ թեմաներով բանախոսեցին ՀՊՏՀ դասախոսները․ տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի վարիչ Եվգենյա Բազինյանը խոսեց «STEM կրթություն՝ կարևորություն և հեռանկարներ» թեմայով, տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի դոցենտ Արգամ Արտաշյանը՝ «Արդյունաբերություն 4.0: Նոր տեխնոլոգիաներ նոր աշխարհում» և վիճակագրության ամբիոնի դոցենտ Անուշ Շիրինյանը՝ «Ի՞նչ են թաքցնում վիճակագրական տվյալները և ինչպե՞ս անհայտը դարձնել հայտնի» թեմաներով:

ՀՊՏՀ շարունակական կրթության բաժնի գլխավոր մասնագետներ Ժորա Ստեփանյանը և Լուսինե Խուրշուդյանը մասնակիցներին ներկայացրին ՀՊՏՀ կրթական ծրագրերը և աշակերտական նախագծերը, արտերկրում սովորելու հնարավորությունները։

Օրը հագեցած էր նաև ժամանցային և ինտելեկտուալ խաղերով, իսկ վերջում բոլոր մասնակիցներն ստացան մասնակցության հավաստագրեր։

Միջոցառման մյուս նկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան պաշտոնական էջում։