ՀՊՏՀ ուսանող Տաթև Հակոբյանը` կոնցեպտ 2 մարզաձևի առաջնության հաղթող

06.10.2021
Դիտումների քանակ՝ 1053

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի (ՀՈւՄՖ) նախաձեռնությամբ ՀՀ ուսանողական մարզական 21-րդ խաղերի շրջանակում հոկտեմբերի 5-ին կայացան կոնցեպտ 2 և դրագոնբոութինգ թիավարության մարզաձևերի առաջնությունները, որոնց մասնակցեցին հանրապետության ութ բուհական թիմեր։

Ավանդական դարձած կոնցեպտ 2 վարժասարքի աղջիկների պայքարում լավագույն արդյունքը գրանցել է ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի հաշվապահական հաշվառում և հարկում մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Տաթև Հակոբյանը՝ բացահայտ առավելությամբ առաջ անցնելով Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի (ՀՖԿՍՊԻ) իր մրցակիցներից՝ Միլենա Շահնազարյանից և Սրբուհի Հովակիմյանից։

Նույն վարժասարքի տղաների պայքարում լավագույն արդյունքը գրանցել է Հայկական բժշկական ինստիտուտը ներկայացնող Գարիկ Ժամկոչյանը։ Երկրորդ մրցանակակիրը Մհեր Շամոյանն է՝ ՀՖԿՍՊԻ-ից, իսկ երրորդ տեղում ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի հաշվապահական հաշվառում և հարկում մասնագիտության 4-րդ կուրսի ուսանող Շաքրո Գրիգորյանն է։ ՀՊՏՀ ֆիզիկական դաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի դասախոս Արման Գուլյանի փոխանցմամբ՝ մրցումներին մասնակցելով առաջին անգամ՝ Շաքրո Գրիգորյանը հրաշալի արդյունք է ցուցաբերել և արժանացել առաջնության կազմակերպիչների գովասանքին։

Դրագոնբոութ մարզաձևի թիմային պայքարում 1-ին տեղն զբաղեցրել է ՀՖԿՍՊԻ-ի թիմը, 2-րդում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանն է, 3-րդում՝ ԵՊՀ-ն։ ՀՊՏՀ թիմն առաջնությունում գրավել է 4-րդ հորիզոնականը։

Մրցանակակիրներին պարգևատրել են ՀՊՏՀ ֆիզիկական դաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի վարիչ, ՀՈւՄՖ նախագահ Հովհաննես Գաբրիելյանն ու Հայաստանի կանոեի և թիավարության ազգային ասոցիացիայի ղեկավար, առաջնության գլխավոր մրցավար Սեդրակ Զաքարյանը։

Նշենք, որ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիային առաջնությունը կազմակերպելու հարցում օժանդակել են Հայաստանի կանոեի և թիավարության ազգային ասոցիացիան և Հայկական թիավարության մարզական ակումբը։