ՀՊՏՀ ուսանող Տիգրան Բաղդասարյանը մեկ օր է անցկացրել ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանի հետ

05.10.2021
Դիտումների քանակ՝ 1309

Գործնական միջավայրում անցկացրած մեկ օր Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսի հետ։ Հոկտեմբերի 1-ին այդ բացառիկ հնարավորությունն ընձեռվեց ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի շուկայագիտություն մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Տիգրան Բաղդասարյանին։ Հենց նա է հաղթել «Հայ-նիդեռլանդական գործարար հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները» թեմայով էսսեների մրցույթում, որի մասին ուսանողներին տեղեկացվել էր դեռևս մայիսին, դեսպանի՝ ՀՊՏՀ կատարած այցի ժամանակ։ Հաղթողը հնարավորություն էր ստանալու մեկ օր անցկացնելու վերջինիս հետ՝ ծանոթանալով նրա աշխատանքային գործառույթներին։

Դեսպանի հետ մեկօրյա համատեղ աշխատանքից Տիգրանը վերադարձել է խանդավառված ու վառ տպավորություններով․ ապագա տնտեսագետի մտքում բազում նոր ծրագրեր ու գաղափարներ են։ Ողջ օրն ընկերակցելով Նիկոլաս Սխերմերսին՝ Տիգրանը հնարավորություն է ունեցել ոչ միայն շփվելու բարձրաստիճան պաշտոնյայի հետ, այլ նաև մասնակցելու աշխատանքային օրակարգով նախատեսված շրջայցերին ու հանդիպումներին։ Եղել են Լոռու մարզում, հյուրընկալվել մարզպետ Արամ Խաչատրյանին ու Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին, ծանոթացել մարզի զարգացման ռազմավարական ուղղություններին ու առկա մարտահրավերներին, մտքեր փոխանակել դրանց հաղթահարման ուղիների շուրջ, նաև համագործակցելու պատրաստակամություն հայտնել։ Հետո եղել են Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի գործունեությանն ու իրականացվող ծրագրերին, այստեղ ևս քննարկել հետագա համագործակցության հնարավորություններ: Իսկ վերջում, դեսպանի հետ ամփոփելով համատեղ անցկացրած օրը, Տիգրանը Նիկոլաս Սխերմերսին է ներկայացրել իր տպավորությունները, ապագայի ծրագրերը։

Մոտիվացիոն այցի մասին արդեն Երևանում զրուցեցինք Տիգրանի հետ։ Նա հայտնեց, որ Հայաստանում Նիդեռլանդների Թագավորության դեսպանատանը, որտեղ դիտարկել ու հաղթող են ճանաչել հենց իր էսսեն, կարևորել են ներկայացված ծրագրի՝ խնդիրների լուծման հեշտությունն ու արագությունը։ Տիգրանն առաջարկում է ստեղծել հայ-նիդեռլանդական աշխատուժի բորսա, որտեղ նիդեռլանդացի գործատուներն աշխատանք կպատվիրեն հայաստանյան ծրագրավորողներին։ Ապագա տնտեսագետի նախագծով՝ Նիդեռլանդների Թագավորությունը նաև կարող է օգնել Հայաստանին տեղական ծաղիկները միջազգային ծաղկի շուկա արտահանելու հարցում։ Սա, ըստ Տիգրանի, բավական հավակնոտ, բայց, միևնույն ժամանակ, իրատեսական գաղափար է։ Հայաստանում ծաղկի շուկայի արտահանման ծավալները վերջին տարիներին աճել են, և Տիգրանը համոզված է՝ եթե սպառման հարցում հայ գործարարներն օժանդակություն ստանան, ապա ավելի շատ կարտադրեն։ Աշխարհին թիվ մեկ ծաղիկ մատակարարողն այսօր Էկվադորն է, բայց երիտասարդ մարքեթոլոգը համոզված է՝ թիվ մեկը կարող է դառնալ Հայաստանը։

Դեսպանը հավանել է Տիգրանի էսսեն, անհատական շփման ժամանակ հարցեր տվել դրանում առաջ քաշված գաղափարների իրականացման՝ ՀՊՏՀ ուսանողի պատկերացումների մասին։

«Սա շատ մեծ և ուսանելի փորձ է յուրաքանչյուր ուսանողի համար։ Առաջին անգամ էի դիվանագետ պաշտոնյայի հետ անձնական և աշխատանքային շփում ունենում, հետաքրքրական էր հետևել տարբեր ոլորտների ներկայացուցիչների հաղորդակցման մշակույթին։ Ինքս շատ բան սովորեցի։ Մեծ է ցանկությունը շարունակել շփումներս նիդեռլանդական դեսպանատան հետ և քայլ առ քայլ իրականացնել էսսեում առաջ քաշված ծրագրերս»,- խոստովանեց Տիգրանը։

Դե ինչ, շնորհավորում ենք մեր բուհի ևս մեկ տաղանդաշատ ուսանողի՝ լիահույս, որ սա նորաթուխ տնտեսագետի հաջողությունների մեկնակետն է: