Ամրապնդելով ակադեմիական գիտելիքը․ մեկնարկել է ՀՊՏՀ ուսանողների փորձառության շրջանը

09.02.2023
Դիտումների քանակ՝ 1132

Այսօրվանից մեկնարկում է ՀՊՏՀ ավարտական կուրսերի ուսանողների փորձառության ժամանակաշրջանը՝ բակալավրիատում այն ուսումնաարտադրական է, մագիստրատուրայում՝ գիտահետազոտական։ Առկա և հեռակա բակալավրիատում տևողությունը 8 շաբաթ է, իսկ առկա և հեռակա մագիստրատուրայում՝ 10 շաբաթ։

Ինչպես մեզ հետ զրույցում ասաց ՀՊՏՀ կարիերայի կենտրոնի պետ Տաթևիկ Վարդանյանը, այս կիսամյակ փորձառություն է անցնելու ավարտական կուրսերի 1066 ուսանող։ Ուսանողների 32.6%-ը փորձառությունն անցնելու է աշխատավայրում, 16.5%-ը՝ իր նախընտրած ընկերությունում, 51%-ը՝ ՀՊՏՀ գործընկեր կազմակերպություններում։

Ընդհանուր առմամբ, այս կիսամյակ մեր ուսանողները փորձառություն են անցնելու 122 գործընկեր կազմակերպություններում, որոնց 59%-ը մասնավոր ոլորտում են։ Նախորդ տարիների համեմատ նկատելի է մասնավոր հատվածի գործընկեր կազմակերպություններում փորձառություն անցնելու նախընտրության աճ, ինչը ողջունելի է, քանի որ հատկապես այս ոլորտում մեր գործընկերները փորձառության ժամանակահատվածն օգտագործում են իրենց թափուր հաստիքները համալրելու համար․ «Ինչպես և նախորդ տարիներին, այս տարի ևս նախընտրելի կազմակերպությունների առաջին տասը տեղերում բանկային համակարգի մեր գործընկերներն են («Արարատբանկ» ԲԲԸ-ում՝ 35 ուսանող, «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ում՝ 26 ուսանող, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ում՝ 25 ուսանող, «ԱԿԲԱ Բանկ» ԲԲԸ-ում՝ 23 ուսանող և այլն)»։

Նշենք, որ պետական ոլորտում մեր ուսանողները փորձառություն են անցնելու 51 կառույցներում, որտեղ իրենց գործնական գիտելիքն ու հմտությունները հարստացնելու է բուհի կողմից ուղեգրված ուսանողների 40%-ը կամ 279 ուսանող։ Նախընտրելի պետական մարմինները գլխավորում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (50 ուսանող), ՀՀ ֆինանսների նախարարությունը (38 ուսանող), ՀՀ զբոսաշրջության կոմիտեն (28 ուսանող), ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը (21 ուսանող) և այլն։

Այս տարի ՀՊՏՀ ուսանողների հետաքրքրությունը մեծ է նաև մայր բուհում փորձառություն անցնելու առումով․ ՀՊՏՀ տարբեր ստորաբաժանումներում ընդգրկված է 14 ուսանող։

Հաջողություն ենք մաղթում մեր ուսանողներին։ Հուսով ենք՝ այս ժամանակահատվածը նրանք առավելագույն արդյունավետությամբ կօգտագործեն՝ իրենց ակադեմիական գիտելիքներն ամրապնդելով գործնական հմտություններով ու կարողություններով։