ՀՊՏՀ-ին շնորհվել է «Գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճան»

23.12.2021
Դիտումների քանակ՝ 1584

Դեկտեմբերի 17-ին Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին շնորհել է «Գիտահետազոտական ոլորտի կառավարման գերազանցության աստիճան» (HR Excellence in Research award)։ ՀՊՏՀ-ն հայաստանյան բուհերից առաջինն է, որն արժանացել է այս տիտղոսին և հաջողություն գրանցել EURAXESS համաեվրոպական հետազոտողների հարթակին անդամակցելու գործընթացում։

ՀՊՏՀ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը նշում է, որ այս աստիճանին դիմելու գործընթացը մեկնարկել է 2019 թվականին, որի շրջանակում իրականացվել են մի շարք գործողություններ։ Հիմնական գործողություններից է եղել համալսարանում գիտահետազոտական աշխատանքների համապատասխանության վերլուծությունը «Հետազոտողների եվրոպական խարտիայի և հետազոտողների ներգրավման վարքագծի կանոնակարգի» սկզբունքներին։

Թաթուլ Մկրտչյանը կարևոր իրադարձություն է համարում «Գերազանցության աստիճանի» շնորհումը, քանզի այն ցույց է տալիս, որ հետազոտական և գիտության ոլորտում մարդկային ռեսուրսների ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման քաղաքականությունը համալսարանում լավ հիմքերի վրա է։ Ըստ նրա՝ միջազգային այս ճանաչումը ուժեղացնելու է հետազոտողների մանագիտական աճին աջակցելու, հետազոտական բարձր արդյունքներ գրանցելու, այդ թվում՝ միջազգային մակարդակում, համալսարանի հանձնառությունը։

Պրոռեկտորը շնորհակալություն է հայտնում ՀՊՏՀ աշխատանքային խմբին համալսարանում հետազոտական մշակույթի ստեղծման և զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն և «Գերազանցության աստիճան» ստանալուն ուղղված համառ և քրտնաջան աշխատանքի համար։ Նա վստահություն է հայտնում, որ ՀՊՏՀ-ն շարունակելու է այս ուղղությամբ իր քաղաքականության զարգացման քայլերը։

Նշենք, որ EURAXESS-ին անդամակցելու և «Գերազանցության աստիճան» ստանալուն ուղղված քայլերը իրականացվել են Էրազմուս+ «Միներվա» («Հետազոտությունների կառավարման և բաց գիտության կարողությունների հզորացումը Մոլդովայի և Հայաստանի բուհերում») ծրագրի շրջանակում։ Թաթուլ Մկրտչյանը նշում է, որ այս աստիճանի ստացումը ևս մեկ քայլ է դեպի բաց գիտություն՝ ընդծելով, որ ՀՊՏՀ ակադեմիական հանրույթն արդեն իսկ ընդունել է բաց գիտության սկզբունքների կարևորությունն ու առավելությունը։