ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի շնորհավորական ուղերձը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ

31.12.2021
Դիտումների քանակ՝ 1289

Սիրելի´ գործընկերներ, ուսանողներ,

յուրաքանչյուր Նոր տարի երազանքներն ու նպատակները կյանքի կոչելու յուրատեսակ սկիզբ է: Բարի գործերն ու նորանոր արարումները մարդու, քաղաքացու, մասնագետի կատարելության, արժանապատվության ու պատասխանատվության գրավականներն են: Այս հավատամքով ընդառաջ գնալով գալիք օրերին և մեր անձնական ու գործնական ծրագրերը նախատեսելով, հավատացած եմ, կունենանք ծանրակշիռ ձեռքբերումներ ու հաջողություններ:

Բարձրագույն կրթության ոլորտը, այս համատեքստում, ժամանակակից տեղեկատվական դարաշրջանի օրեցօր փոփոխվող պահանջներին համապատասխան մասնագետի պատրաստման գլխավոր պատասխանատուն է: Գիտելիքի անսպառ պաշարների յուրացումը, մրցունակ մասնագետների պատրաստումը պետք է ծառայեն երկրի առաջընթացին, պաշտպանունակության ամրապնդմանը, տնտեսության զարգացմանը, հասարակության կենսամակարդակի բարձրացմանը, մանուկների, երիտասարդության, մեծահասակների անխռով կյանքի ապահովմանը: Այս կարևորագույն նպատակադրումներում մեր բոլորի միասնական, արդյունավետ ու համերաշխ գործունեությունը ավելի քան արժևորվում ու հրամայական է դառնում: Ուստի, ցանկանում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը՝ վարչարար, դասախոս, թե ուսանող, գիտակցի ու ստանձնի իր բաժին պատասխանատվությունը, աշխատի և ուսումնառի ջանասիրաբար և այն բարձր գիտակցումով, որ ծառայում է իր հայրենիքին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Թող Նոր տարին մեր երկրին շռայլորեն պարգևի խաղաղություն և անամպ երկինք: Մաղթում եմ բոլորիդ առողջություն, բարիք ու երջանկություն:

Հարգանքով՝
ԴԻԱՆԱ ԳԱԼՈՅԱՆ
ՀՊՏՀ ռեկտոր