ՀՊՏՀ երիտասարդ գիտնականները մասնակցել են Արցախում կայացած միջազգային գիտաժողովին

Դիտումների քանակ՝ 1340

ՀՊՏՀ բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Նադեժդա Աֆյանը և ֆինանսների ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Արմինե Սչանյանը մասնակցել են սեպտեմբերի 12-15-ը Արցախում տեղի ունեցած «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» միջազգային երիտասարդական 4-րդ գիտաժողովին: Այն նվիրված է եղել ԵՊՀ հիմնադրման 100-ամյակին, կազմակերպել էր «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» (ԱԵԳՄՄ) հասարակական կազմակերպությունը՝ ԵՊՀ-ի և Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի հետ համատեղ: Գիտաժողովը համախմբել է Հայաստանի, Արցախի և օտարերկրյա բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների ասպիրանտների, հայցորդների, երիտասարդ գիտնականների ու մասնագետների:

ՀՊՏՀ պատվիրակները հանդես են եկել արդիական թեմաներ արծարծող հոդվածներով: «Տնտեսագիտություն» բաժանմունքում Նադեժդա Աֆյանը ներկայացել է «Հանքավայրերի շահագործման շահագրգիռ կողմերի հակասումները» զեկուցումը, Արմինե Սչանյանը՝ «Կենսաթոշակային բարեփոխումների անհրաժեշտությունը, կարևորությունը և շարժընթացը ՀՀ-ում»:

Մեզ հետ զրույցում Նադեժդա Աֆյանը նշեց, որ իր զեկուցումը նվիրված է եղել Հայաստանի հանքարդյունաբերության շահագործման հետևանքով առաջացած բնապահանական, սոցիալական և տնտեսական խնդիրների վերլուծությանը: Նա նաև հավելեց, որ նոր համագործակցության հրավեր է ստացել «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում»-ից՝ մասնակցելու հոկտեմբերին կայանալիք «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը հանքարդյունաբերության բնագավառում» գիտագործնական կոնֆերանսին: Մեր գործընկերը նաև տեղեկացրեց, որ գալիք տարի նշված միավորման 5-ամյակն է, ապա հույս հայտնեց, որ դա երկկողմ համագործակցության սերտացման առիթ կդառնա:

Արմինե Սչանյանն իր հոդվածում առաջ է քաշել ապահովագրական և ոչ ապահովագրական հիմքի վրա ձևավորվող կենսաթոշակային բարեփոխումների հարցերը և բաշխական ու կուտակային կենսաթոշակային համակարգերի զուգակցման հիմնախնդիրները:

Հավելենք՝ գիտաժողովին մասնակցել է նաև ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի  5 ներկայացուցիչ:

Զեկուցողները ստացել են հավաստագրեր, լավագույն հոդվածները տպագրվելու են:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին