Պատրաստ է «Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի չորրորդ համարը

25.12.2020
Դիտումների քանակ՝ 1217

ՀՊՏՀ գիտական պարբերականի տարեվերջյան թողարկումը կրկին գիտական հանրությանն է ներկայացնում արդիական ու խորազնին հետազոտություններ, արժեքավոր վերլուծություններ և հիմնավոր առաջարկություններ: Տասը խորագրերում արծարծվում են տարբեր ոլորտների տնտեսագիտական հիմնախնդիրներ, դասավանդման մեթոդաբանության նոր հիմնադրույթներ: Հոդվածները հեղինակել են ինչպես փորձառու, այնպես էլ սկսնակ գիտնական-հետազոտողները:

Համարը սկսվում է «Ինստիտուցիոնալ տնտեսագիտություն» խորագրով, որում Արմինե Ալոյանի «ՀՀ ինստիտուցիոնալ միջավայրը և առկա հիմնախնդիրները» հոդվածն է: «Մակրոտնտեսագիտություն» խորագրում հանդես են գալիս Գայանե Ավագյանը, Նարեկ Կարապետյանը, Լուսինե Մխիթարյանը` «ՀՀ տնտեսական աճի կանխատեսումը գործոնային վեկտոր ավտոռեգրեսիոն մոդելով» և Տաթևիկ Մկրտչյանը` «Մեծ լոքդաունի» հաղթահարման ճանապարհին. աշխուժացո՞ւմ, թե՞ նոր անկում» հոդվածներով:

Էդգար Աղաբեկյանի «Կենտրոնացումները` որպես կապիտալի շուկայի զարգացման

խոչընդոտ» և Մարինե Ավետիսյանի «Հայաստանում ֆինանսական համակարգի կայունության և դրամավարկային քաղաքականության մի քանի հարցի շուրջ» հոդվածները զետեղված են  «Ֆինանսներ» խորագրում:

«Շուկաներ և մրցակցություն» խորագրի ներքո է Թաթուլ Մկրտչյանի, Մելանյա Ղարագյոզյանի, Վազգեն Պողոսյանի «Ցորենի միջազգային գների փոփոխությունը պայմանավորող գործոններն ու դրանց ազդեցությունը ՀՀ ցորենի և ալյուրի շուկաների վրա» հոդվածը:

«Հանրային ծառայություններ»-ում Թագուհի Բարսեղյանի` «ՀՀ էլեկտրաէներգիայի սակագնի վրա  էլեկտրաէներգիա արտադրող ջերմաէլեկտրակայանների օպտիմալ վարքի ազդեցության գնահատումը», «Գործարարություն և ձեռնարկատիրություն»-ում Համազասպ Գալստյանի, Գագիկ Բադադյանի, Սասուն Սահակյանի` «ՀՀ պետական մասնակցությամբ բժշկական կազմակերպությունների շահութաբերության վերլուծությունը` ֆինանսական կայունության համատեքստում», «Նորարարություն և կրթություն»-ում Վիլեն Խաչատրյանի, Արաքսյա Բարսեղյանի` ««Խելացի քաղաք» հայեցակարգի ներդրման հիմնախնդիրները Երևան քաղաքում» հոդվածներն են:

«Միջազգային տնտեսագիտություն» խորագիրը ներկայացնում է Աննա Փախլյանի, Սուսաննա Աղաջանյանի, Կարմեն Գրիգորյանի, Ծովակ Ոսկանյանի, Տիգրան Ղալայանի` «Հայաստանի Հանրապետությունը` էլեկտրոնային առևտրի միջազգային կարգավորման համատեքստում» հոդվածը: Քաղաքացիական պաշտպանության հիմնահարցեր է վեր հանում Անի Տերտերյանը` «Աղետների ռիսկերի կառավարման դերը` ՀՀ տնտեսական զարգացման համատեքստում» հետազոտությամբ, իսկ Ռուզաննա Սարգսյանը և Ալլա Մկրտչյանը «Դասավանդման մեթոդաբանություն» խորագրում հանդես են գալիս «Ժամանակին համընթաց. ՀՊՏՀ-ում ռուսաց լեզվի դասավանդման նոր հայեցակարգը և MOODLE հարթակում էլեկտրոնային դասընթացի մեկնարկը» հոդվածով:

Հանդեսն ամփոփվում է 2020 թ. հրապարակումների ցանկով:

Նոր համարի հոդվածներն առցանց հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքում` «Գիտություն» խորագրի ներքո, հետևյալ հղումով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին