Կայացավ ՀՊՏՀ գիտական խորհրդի տարեվերջյան նիստը

24.12.2020
Դիտումների քանակ՝ 1519

ՀՊՏՀ գիտական խորհուրդն այսօր հրավիրեց իր տարեվերջյան առցանց նիստը` ռեկտոր, գիտական խորհրդի նախագահ Դիանա Գալոյանի նախագահությամբ: Նիստի մեկնարկին ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը շնորհավորեց Դիանա Գալոյանին՝ ՀՀ Կառավարության որոշմամբ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնում հաստատվելու կապակցությամբ, ապա շնորհավորեց նաև կոլեկտիվին և շնորհակալություն հայտնեց անցնող ծանր ժամանակաշրջանում համբերատար, նվիրված և համախմբված աշխատանքի համար: Նա վստահորեն նշեց, որ Դիանա Գալոյանի ղեկավարությամբ Տնտեսագիտական համալսարանը զարգացման նոր հորիզոնների կհասնի։

Ողջունելով գիտխորհրդի անդամներին՝ Դիանա Գալոյանը շնորհակալություն հայտնեց կոլեկտիվին՝ իրեն աջակցելու, նվիրված աշխատանքի համար, հատուկ ընդգծեց Արմեն Գրիգորյանի դերը անցած դժվարին ժամանակաշրջանում բուհի պատշաճ ղեկավարումն իրականացնելու գործում։ ՀՊՏՀ ռեկտորն ընդգծեց, որ թեև անցնող տարին բարդ էր, սակայն ինքը հաստատակամ է իր բոլոր ուժերը բուհի զարգացման և առաջընթացի գործում ներդնելու հարցում։ Դիանա Գալոյանը հույս հայտնեց, որ հնարավոր կլինի տնտեսագիտական մայր բուհը դարձնել լավագույն կրթական հաստատություն, ապա հավելեց, որ հաջողությունների հասնելու համար բուհում պետք է չխարխլվի այն համերաշխության ու նվիրվածության մթնոլորտը, որում աշխատել են վերջին շրջանում։

Այնուհետև գիտխորհուրդն անցավ օրակարգի հաստատմանը, սակայն մինչ այդ քվեարկությամբ օրակարգ մտցվեց ևս մեկ հարց՝ Ուսանողական խորհրդի տարեկան հաշվետվությունը, ինչը հաստատվեց։

Օրակարգի առաջին հարցը`«Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կոլեգիալ կառավարման մարմնի (խորհրդի) կազմի ձևավորման նպատակով պրոֆեսորադասախոսական կազմից խորհրդի անդամության թեկնածուներ առաջադրելու և ընտրելու մասին, զեկուցեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը: Նա նշեց, որ խորհրդի մի շարք անդամների ժամկետը լրացել է, նոր անդամների առաջադրման գործընթացը կազմակերպվել է պատշաճորեն՝ պահպանելով բուհի և ֆակուլտետների կանոնադրությունները։ Ֆակուլտետները քննարկել և գիտխորհրդի առաջադրմանն են ներկայացրել  8 թեկնածություն։ Ներկայացված թեկնածությունները հաստատվեցին, որից հետո ցանկը կներկայացվի լիազոր մարմնին։

Այնուհետև Արմեն Գրիգորյանը զեկուցեց  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ոսկե մեդալով պարգևատրելու մասին հարցը։

Ռեկտոր Դիանա Գալոյանը մանրամասնեց, որ անցնող տարին մեր համալսարանի համար հոբելյանական էր, և թեև համավարակով, այնուհետև պատերազմով պայմանավորված՝ հոբելյանական բազում միջոցառումներ չիրականացվեցին, այդուհանդերձ, բուհի ղեկավարությունը պատրաստվում է հոբելյանի առթիվ ոսկե մեդալներ հանձնել մեր բուհի կայացման և առաջընթացի գործում մեծ ներդրում ունեցած անձանց։ Հարցը դրվեց գիտխորհրդի քվեարկության։

Գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը զեկուցեց գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման ենթակառուցվածքի պահպանման և զարգացման ծրագրերի 2020 թվականի հունվար-դեկտեմբեր ժամանակահատվածն ընդգրկող տարեկան հաշվետվությունների մասին հարցը:

Խոսքը երկու ծրագրերի` «Կառավարչական որոշումների ընդունման և իրագործման կառուցակարգերի ու հաղորդակցության տեխնոլոգիաների ազդեցությունը ՀՀ հանրային կառավարման արդյունավետության վրա»  (ծրագրի գիտական ղեկավար՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Յու.Մ.Սուվարյան) և «ՀՀ տնտեսության իրական և ֆինանսական հատվածների արդյունավետ փոխգործակցության հնարավորությունները» (ծրագրի գիտական ղեկավար՝ տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Կ.Հ.Գրիգորյան) մասին է: Առաջին ծրագրի հաշվետվությունը ներկայացրեց կառավարման ամբիոնի ասիստենտ, տ․գ․թ․ Մարիաննա Քոչարյանը, իսկ երկրորդը՝ Կարեն Գրիգորյանը։ Հաշվետվությունները հաստատվեցին, իսկ բուհի ղեկավարն ընդգծեց, որ առաջիկայում պետք է ջանքեր գործադրել բուհի հետազոտողների գիտական հրապարակումները ազդեցության գործոն ունեցող միջազգային ամսագրերում հրապարակելու համար։  Այս համատեքստում, Դիանա Գալոյանը գիտխորհրդին հիշեցրեց, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն իր պատմության մեջ առաջին անգամ
ներառվել է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի (EECA) բուհերի QS World University Rankings 2021 վարկանիշում, ինչը մեծ ձեռքբերում է։ Նրա խոսքով, վերջին տարիներին, չնայած գործադրված ջանքերին, այս ուղղությամբ շոշափելի հաջողություններ չէին արձանագրվում, սակայն այս տարի արձանագրվեց՝ մեր բուհի և արտաքին կապերի դեպարտամենտի ջանքերի շնորհիվ։

Թաթուլ Մկրտչյանը, անդրադառնալով ասվածին, նշեց, որ գալիք տարի բոլոր ջանքերը կներդրվեն՝ առկա հաջողությունները զարգացնելու ուղղությամբ։

Օրակարգի հաջորդ հարցը զեկուցեց ՀՊՏՀ ՈՒԽ նախագահ Գոռ Մելիք-Սահակյանը՝ ներկայացնելով ուսանողական խորհրդի տարեկան հաշվետվությունը։

Դիանա Գալոյանը բարձր գնահատեց ուսանողների աշխատանքը, նշեց, որ հասկանալի պատճառներով այս տարի չեն իրականացվել միայն  մշակութային և մարզական միջոցառումները, սակայն ուսանողները համավարակի և պատերազմի ժամանակաշրջանում ակտիվորեն ներգրավված են եղել կամավորական, աջակցության բազում աշխատանքներում։ Բուհի ղեկավարը նշեց նաև օրերս Կենտրոնական բանկի կողմից հայտարարված մրցույթում մեր ուսանողների հաջողությունների մասին և շնորհավորեց նրանց։ Նա բարձր գնահատեց ուսխորհրդի աշխատանքը և առաջարկեց գիտխորհրդին բավարար գնահատել հաշվետվությունը, ինչը հաստատվեց։

Ընթացիկ հարցերի շարքում գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ  Մկրտչյանը զեկուցեց ատենախոսությունների թեմաներ և գիտական ղեկավարներ հաստատելու մասին հարցը` նշելով, որ ներկայացված թեմաները քննարկվել և հաստատվել են գիտական խորհրդին կից գիտամեթոդական հանձնաժողովի՝ 2020 թվականի դեկտեմբերի 23-ի, ժամը 17։00-ի առցանց նիստում։ Գիտխորհուրդը հաստատեց հարցը։

Ամփոփելով նիստը՝ բուհի ղեկավարը շնորհավորեց գիտխորհրդի անդամների գալիք Նոր տարին, մաղթեց առողջություն և խաղաղություն և նշեց, որ թեև առջևում ծանր ժամանակաշրջան է, սակայն պետք է փորձել համախմբված ուժերով հաղթահարել ճգնաժամը և կյանքի կոչել հարազատ բուհի առաջընթացի ծրագրերը։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին