“Become a marketer“ դասընթացն ավարտվեց․ մասնակիցները ստացան հավաստագրեր

20.03.2021
Դիտումների քանակ՝ 1473

Տարբեր մասնագիտությունների և զբաղվածության տեր մարդիկ ՀՊՏՀ կազմակերպած “Become a marketer“ խորագրով դասընթացի շնորհիվ ձեռք բերեցին մարքեթինգային հիմնարար գիտելիք ու գործնական հմտություններ։ Այսօր, հավաստագրերի հանձնմամբ, դասընթացն ավարտվեց։ Մասնակիցները 12-ն էին։ Հանձնելով հավաստագրերը` դասընթացավար, ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի ասիստենտ Ֆլորա Աթոյանը «մարքեթոլոգ դարձածներին» մաղթեց աշխատանքային առաջընթաց ու հույս հայտնեց՝ ստացած գիտելիքները կծառայեն այդ նպատակի իրականացմանը։

asue.am-ի հետ զրույցում դասընթացի մասնակիցները նշեցին, որ դասընթացին մասնակցելու շարժառիթը իրենց գործնական հմտությունների զարգացումն էր, որն անհրաժեշտ է սեփական բիզնեսը վարելու, այն առաջ մղելու համար։ ՀՊՏՀ 2019 թ․ շրջանավարտ Լևոն Փամբուկյանը առևտրային ոլորտի գործարար է և ինչպես մեզ հետ զրույցում ասաց՝ դասընթացից տպավորված է, ստացել է այն, ինչն ակնկալում էր ի սկզբանե։ «Դասավանդման մոտեցումները, նյութերը, քննարկումներն ու գործնական աշխատանքները այս դասընթացի շրջանակում բարձրացրին մեր մարքեթինգային իմացությունը։ Շնորհակալություն կազմակերպիչներին և դասընթացավարին»։

ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի դասախոս, մեր շրջանավարտ Լիլիթ Թաշչյանը նույնպես դասընթացին նպատակային էր մասնակցում․ մարքեթինգի հիմնարար գիտելիքները նրան պետք են իր բիզնեսում։ «Որպես ՀՊՏՀ աշխատակից՝ դասընթացին մասնակցել եմ զեղչով, սա հատուկ մոտեցում էր ՀՊՏՀ-ականների հանդեպ, ինչի համար շնորհակալ եմ։  Բովանդակության առումով՝ դասընթացը հիանալի էր, իսկ դասավանդող Ֆլորա Աթոյանը ոչ միայն սովորեցրեց մեզ, այլև ոգեշնչեց իր կերպարով, բարձրացրեց աշխատելու, առաջ գնալու մեր մոտիվացիան»,-ասաց Լիլիթը։

Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և վստահություն հայտնում, որ ՀՊՏՀ նախաձեռնած ևս մեկ կարճաժամկետ դասընթաց ծառայելու է իր կարևոր նպատակին։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին