ՀՊՏՀ-ում կայացավ ավարտական դասարանների աշակերտների հանրապետական մրցույթը․ թեման՝ «Ինչո՞ւ դառնալ տնտեսագետ» (լուսանկարային շարք)

19.03.2021
Դիտումների քանակ՝ 2193

Հայաստանյան դպրոցների ավարտական դասարանների 88 աշակերտ այսօր ՀՊՏՀ-ում մասնակցեց հանրապետական մրցույթի, որն, ըստ էության, ստեղծագործական մրցույթ էր։ Թեման հայտնի դարձավ մրցույթի ամենասկզբում․ մասնակիցներից մեկն ընտրեց փակ ծրարներից մեկը, ապա հայտարարվեց դրա ներքո տեղ գտած խորագիրը՝ «Ինչո՞ւ դառնալ տնտեսագետ»։

Աշակերտներին ողջունեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, ներկայացրեց մրցույթի պայմաններն ու հավաստիացրեց, որ այն անցկացվելու է օբյեկտիվ ու անաչառ։ Ռեկտորը մրցույթի մասնակիցներին հորդորեց անկաշկանդ լինել՝ ընդգծելով․ «Սա ոչ թե քննություն է, այլ ձեր մտքերին թռիչք տալու հնարավորություն»։

Ապա սկսվեց երկար սպասված մրցույթը։ Ուղիղ 2 ժամ աշակերտները, գործի դնելով ստեղծագործական ունակությունները, բյուրեղացրին «Ինչո՞ւ դառնալ տնտեսագետ» թեմայի հետ կապվող իրենց մտքերը։

asue.am-ը մրցույթի ավարտից հետո զրուցեց մասնակիցներից մի քանիսի հետ, արձանագրեց նրանց տպավորությունները։ Մեր զրուցակիցներից բոլորը նշեցին, որ ՀՊՏՀ դիմորդ են, այս տարի մասնակցելու են ընդունելության մրցույթին։

Մեծամորի թիվ 2 ավագ դպրոցի աշակերտ Բելլա Մարտիրոսյանի խոսքով՝ ինքն ընտրել է տնտեսագետի մասնագիտությունը, քանի որ այն մրցունակ ու հեռանկարային է։ «Մրցույթի թեման, իհարկե, անմիջականորեն կապվում է մեր մասնագիտական ընտրության հետ, և ակնկալում եմ, որ հենց իմ աշխատանքն է լինելու լավագույններից մեկը։ Սա ուսանողի կարգավիճակում կրթաթոշակ ստանալու հիանալի հնարավորություն է»,-ասաց Բելլան։

Էջմիածնի «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի աշակերտ Սարգիս Սարգսյանն էլ նշեց, որ օրեր անց ՀՊՏՀ ընդունվելու հայտ է լրացնելու, ընտրելու է կառավարում մասնագիտությունը։ Մրցույթի թեման Սարգսին ստեղծագործելու հնարավորություն է տվել և նրա կարծիքով՝ իր աշխատանքը հավակնում է հաղթելու։ Իջևանի թիվ 2 ավագ դպրոցից Տարոն Սարգսյանը թերահավատ էր այս ստեղծագործական մրցույթում հաղթելու հարցում, սակայն վստահ էր՝ դիմելու է ՀՊՏՀ և դառնալու է նրա ուսանողը։

Հիշեցնենք, որ ՀՊՏՀ շարունակական կրթության և վերապատրաստումների բաժնի կողմից կազմակերպված մրցույթի լավագույն աշխատանքներն ընտրելու է համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի 5 անդամից կազմված հանձնաժողովը։

Լավագույն երեք աշխատանքների հեղինակները կարժանանան 100.000-ական ՀՀ դրամ կրթաթոշակի՝ ՀՊՏՀ ընդունվելու դեպքում, ինչպես նաև կլինեն խրախուսական նվերներ, որոնք կհանձնվեն ապրիլի 9-ին, ժ․13։00-ին ՀՊՏՀ հանդիսությունների սրահում։ Լավագույն աշխատանքները հրապարակվելու են բուհի առցանց հարթակներում։

Բոլոր մասնակիցներին հաջողություն ենք մաղթում։ Լավագույն աշխատանքների հեղինակների հետ մենք դեռ կհանդիպենք։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին