Հայտնի են ՀՊՏՀ լավագույն ուսանողները. մրցանակաբաշխություն և համերգ՝ երիտասարդական տոների առիթով
Այսօր ՀՊՏՀ-ում կայացավ տարվա ամենասպասված մրցանակաբաշխությունը՝ «Լավագույն ուսանող-2018»-ը, որը 5 անվանակարգերում մրցանակ շնորհեց ՀՊՏՀ օրինակելի ուսանողներին: Հանդիսավոր ու ջերմառատ իրադարձությանն ականատես էին ՀՊՏՀ պրոռեկտորներ Գագիկ Վարդանյանը, Պարույր Քալանթարյանը, Միխաիլ Կարապետյանը, դեկանները, պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ, աշխատակիցներ, ուսանողներ, ծնողներ: Հատուկ հյուր էր ծանրամարտի աշխարհի առաջնության չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: Կազմակերպիչը ՀՊՏՀ ուսանողական խորհուրդն էր՝ համալսարանի ղեկավարության աջակցությամբ:
Մրցութային հանձնաժողովի կազմում էին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի տնօրեն Արմեն Գրիգորյանը, ուսումնական բաժնի պետ Աղավնի Հակոբյանը, դեկաններ Մանուկ Մկրտչյանը, Մերի Բադալյանը, Թաթուլ Մկրտչյանը, Վահե Միքայելյանը, Գրիգոր Նազարյանը, Սոս Խաչիկյանը, փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի պատվավոր պրոֆեսոր Արամ Սարգսյանը, ֆիզդաստիարակության, ԱԻ և ՔՊ ամբիոնի ղեկավար Հովհաննես Գաբրիելյանը, ՈւԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը, փոխնախագահ Զավեն Խուկեյանը:
Եվ այսպես, «Գիտական գործունեություն ծավալող լավագույն ուսանող» կոչմանն արժանացավ Լուսինե Ստեփանյանը, «Լավագույն մարզիկ-ուսանող» անվանակարգում հաղթող ճանաչվեց Լևոն Աղասյանը, «Ակտիվ հասարակական գործունեություն ծավալող լավագույն ուսանող» ճանաչվեց Հայկ Քալանթարյանը, «Բարձր առաջադիմություն ցուցաբերած լավագույն ուսանող» Արփի Մհերյանը և, ի վերջո, «Լավագույն ուսանող-2018» Նարեկ Կարապետյանը, որն այս պահին Վիեննայում է, և մրցանակը ստացավ մայրը: Մրցանակները հանձնեցին համապատասխանաբար պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը, չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, պրոֆեսոր Արամ Սարգսյանը, ՀՊՏՀ շրջանավարտ, «Lore travel» տուրիստական ընկերության հիմնադիր Վլադիմիր Գևորգյանը, ՈւԽ նախագահ Հովհաննես Հարությունյանը: Նրանք շնորհավորեցին, հիացմունքի ու գնահատանքի խոսք ասացին արժանավոր ուսանողներին, կոչ արեցին միշտ խանդավառ մնալ սովորելու, պրպտելու, ստեղծելու, զարգանալու ցանկությամբ: Պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը շնորհավորեց մրցանակակիրներին և առաջարկեց՝ հետագայում ներառել նաև «Լավագույն շրջանավարտ» անվանակարգը, ապա հայտարարեց, որ բուհի ղեկավարությունը որոշել է 50 հազարական դրամներով պարգևատրել մրցանակակիրներին, իսկ ՀՊՏՀ լավագույն ուսանողին՝ 100 հազար դրամով: Օրվա հերոսներին հանգստի ուղեգրեր նվիրեց Վլադիմիր Գևորգյանը:
Հպարտության ու երախտիքի միախառնված զգացում էր թևածում դահլիճում: Համալսարանականների անմոռաց օրը հարստացավ երաժշտական համերգով, սիրված երգերի կատարումներով հանդես եկավ տաղանդավոր երգիչ Գոռ Սուջյանը:
Շնորհավորում ենք մեր լավագույններին: Թող այս հաղթանակը դառնա ձեր մեծ ու կարևոր ձեռքբերումների մեկնարկը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին